Քաղաքական

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում հայաստանյան կենսալաբորատորիաներում

Հայաստանի կենսաանվտանգության մակարդակը շատ ցածր է: Դա ազգային անվտանգության խնդիր է, որին պետք չէ սիրողական մակարդակով վերաբերվել: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Սննդի անվտանգության պետական ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուսաստանցի մասնագետների՝ Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված բիոլաբորատորիաներ մուտք գործելու հարցին: Ռուսաստանցի մասնագետները Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված բիոլաբորատորիաներ մուտք են գործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս տված թույտվությամբ:

 

Վերջին շրջանում լրատվամիջոցներում ավելի հաճախ հանդիպող խնդրի նախապատմությունը: Ռուսաստանն անհանգստություն էր հայտնել՝ կապված Ռուսաստանի սահմաններին մոտ Պենտագոնի ցուցաբերած կենսաբանական ակտիվության հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ առթիվ, մասնավորապես, անհանգստություն էր հայտնել, որ ԱՄՆ ներդրումներով կառուցված  կենսալաբորատորիաների ուսումնասիրությունները ամերիկյան ռազմական գերատեսչության հետաքրքրությունների շրջանակում են, այլ ոչ մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են կանխարգելումը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարը: Ի դեպ, նման լաբորատորիաներ կառուցվել են նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում:

Հայաստանի լիազոր մարմինները թե՛ ռուս, թե՛ ամերիկացի գործընկերների հետ համագործակցում են՝ նկատեց ՍԱՊԾ առաջին պետ, ներկայումս միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը.

«Նման պահանջով, որ մտնենք գնահատենք՝ կենսաբանական զենք արտադրվում է, թե ոչ, համենայնդեպս, ես չեմ լսել: Սա առաջին անգամ էր: Հստակ տարանջատենք՝ գալ-մտնելն ինչ է, գալ-գնահատելն ինչ է: Սրանք տարբեր գործառույթներ են»:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս մասնագետներին թույլ են տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ Վարչապետը, մասնավորապես, նշել էր.

«Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուս մասնագետները գտնվել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»:  

ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը, հիշատակելով Հայաստանի պարտավորությունները կենսաանվտանգության ոլորտում, կարծիք հայտնեց, որ վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետում այն ինֆորմացիային, որը վերաբերում է կենսալաբորատորիային եւ նրան, թե ինչո՞վ են անհանգստացած ռուսները.

«Եղել են սարատովյան մանրէաբանական ինստիտուտից մանրէաբաններ, որոնք մտել են ուսումնասիրություններ են անցկացրել, շենքն են նայել, բայց դա չի եղել զուտ գնահատական, որովհետև ՌԴ մեր գործընկերները մասնավորապես հետաքրքրված են կենսաբանական զենք հանդիսացող հարուցիչների հնարավոր օգտագործման մեթոդներով»:

Հայաստանի կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, մոլեկուլյար կենսաբանության մասնագետ Խաչատուր Բեզիրջյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կենսալաբորատորիաների խնդիրն ի սկզբանե մեկն է եղել, որպեսզի ուղեղների արտահոսք չլինի.

Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ վարչապետի թույտվությունը պարզապես Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հատուկ վտանգավոր հիվանդություններով ստորաբաժանումների վրիպակն էր, որոնք առ այսօր չեն տիրապետում համապարփակ տեղեկատվությանը, թե ի՞նչ հետազոտություններ են կատարվում, ինչո՞ւ և ով է կատարում, ի՞նչ մեթոդներով և ո՞րն է վերջնական նպատակը:

«Մեզ մոտ կենսանվտանգության հարցը մի քիչ թերի է ուսումնասիրված: Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ հսկողությունը շատ թույլ է կատարվում: Ո՞վ պետք է կատարի այդ հսկողությունը: Պետք է հաշվի առնել, որ սա ազգային անվտանգության խնդիր է եւ ազգային անվտանգության խնդիրներին չի կարելի մոտենալ սիրողական մակարդակով: Այսինքն, ուսումնասիրությունները պետք է կատարեն հենց ԱԱԾ-ի մասնագետները»:

Առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ հրապարակում էր վիճակագրական տվյալներ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ, բայց այժմ վիճակագրությունը չի հրապարակվում: Այդ առիթով՝ միջազգային փորձագետը տարակուծած է.

«Վերջին 10 տարիներին, երբ որ այդ հարցը բարձրանում է, ասում են՝ դա ստրատեգիկ նշանակություն ունեցող ինֆորմացիա է: Բայց եթե դա գաղտնիք է, ո՞նց ենք մենք այդ ինֆորմացիան տրամադրում 3-րդ կողմին»:

Փորձագետն ասաց, որ իր տվյալներով Իրանը ևս հետաքրքրված է ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաներով և նույնպես ցանկանում է ստուգում իրականացնելու մուտք պահանջել: Եզրափակելով՝ նա շեշտեց, որ Հայաստանում կենսաբանական պաշտպանության մակարդակը շատ ու շատ ցածր է:

Ցուցադրել ավելի
Back to top button