Հասարակություն

Դպրոցների կառավարման նոր մոդել է անհրաժեշտ՝ ասում են ուսուցիչներն ու պաշտոնյան

Լևոն Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցում այսօր անցկացվեց մրցույթ՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: 11 հավակնորդներն այսօր հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի 8 անդամներին ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագիրը: Դպրոցը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ ծնողները, ուսուցչական կազմը մտավախություն ունեն, որ խորհրդի անդամները ուղղորդված ընտրություն են կկատարելու:

 

Լևոն Միրիջանյանի անվան համար155 հիմնական դպրոցում այսօր իրարանցում էր: Ուսուցիչները, ծնողները անհանգստությամբ սպասում էին դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի արդյունքներին: Ինչո՞ւ անհանգստությամբ, քանի որ շշուկների, համացանցում ընթացող քննարկումների, ԶԼՄ-ներում շրջանառվող տարբեր հրապարակումների համաձայն՝ ընտրությունը դպրոցական խորհրդի կողմից լինելու է ուղղորդված՝ հավակնորդներից մեկի օգտին:

Թե՞ ում օգտին, որքան էլ փորձեցինք ճշտել, անուններ չհնչեցին:  Ի՞նչ արձանգրեցինք մենք զրույցների ընթացքում: Ուսուցչական կազմը, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որը համար 155 դպրոցի փոխտնօրենն է, ծնողները ցանկանում են, որ տնօրեն ընտրվի մրցույթին մասնակցող ուսուցիչներից մեկը, որոնց հասցեին այսօր հակաքարոզչություն է իրականացվում:

N 155 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Ղայթանջյանը մասնակցում է մրցույթին եւ չի վստահում խորհրդի անդամներին: «Գոյություն ունեն մարդիկ, ովքեր դրել են իրենց թեկնածությունը, միեւնույն ժամանակ հեղինակազրկում են մյուսներին: Եվ դա ինձ մտահոգում է, ես կողմ եմ արդարության: Ընտրության այս կարգը համարում եմ սպառված: Ես հավակնորդ եղել եմ մեկ այլ դպրոցի տնօրենի հաստիքի, եւ չեմ ընտրվել, քանի որ չեմ եղել ՀՀԿ»:

Մենք զրուցեցինք նաեւ հավակնորդների հետ, ովքեր մերժում էին նման կարծիքը, եւ ընտրվելու դեպքում պատրաստ են աշխատել բոլորի հետ՝ պահպանելով ավանդույթները:

ԿԳ Նախարարություն ստացված ահազանգի հետքերով հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նույնպես դպրոցում էր: Պաշտոնյան հասցրել էր զրուցել խորհրդի 8 անդամից 4-ի հետ, մեզ փոխանցեց, որ ճնշումներ, ուղղորդված զանգեր նրանք չեն ստացել: Վարչության պետը, սակայն, չի բացառում սուբյեկտիվ մոտեցում՝ խորհրդի 8 անդամներից թեկուզ մեկի կողմից:

«Եվս մեկ անգամ հորդորել եմ բոլորին, որ քվեարկությունը կատարեն իրենց ցանկությամբ, հաշվի առնեն հավակնորդների ծրագրերը, առանց ուղղորդման»,- ասում է:

Հիմնական դպրոցի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը չի մասնակցում մրցությին, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով դեռ չի հանձնել հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները: Տիկին Ժաննան նույնպես ունի ներքին անհանգստություն, սակայն բարձրացրեց մեկ այլ հարց՝ հասունացել է դպրոցի կառավարման խորհրդի անդամների ընտրության կարգի փոփոխության անհրաժեշտությունը:

Խորհրդի ընտրության կարգի փոփոխմանը համակարծիք է նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Ըստ պաշտոնյայի, խորհուրդների կառավարման նոր մոդել է անհրաժեշտ:

Ցուցադրել ավելի
Back to top button