ԿարևորՔաղաքական

Փաշինյանն սկսել է արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները՝ հույս հայտնելով, որ քաղաքացիներին դիմելու անհրաժեշտություն չի լինի

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման, ըստ էության, բազմաշերտ է՝ տնտեսականից, քաղաքականից մինչեւ տեխնիկական եւ իրավական: Այսօրվանից վարչապետը սկսում է այս թեմայով քննարկումները քաղաքական կուսակցությունների հետ: «Ռադիոլուրը» առաջիկայում հարցը կդիտարկի տարբեր կողմերից՝ ներկայացնելով նյութերի շարք:

 

Սկզբից աշխատանքային հանդիպումներ, հետո նոր՝ պաշտոնական: Այս ձեւաչափով է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով քննարկումները: Առաջին աշխատանքային հանդիպումն այսօր ուշ երեկոյան է՝ վարչապետը հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ է հանդիպելու եւ ոչ ԱԺ-ում:

Առավոտյան արդեն Փաշինյանը ներկայացրել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունները արագացնելու իր հիմնավորումները: Ասում է՝ համոզմունքն ամրապնդվել է հատկապես վերջին շրջանում գործարարների եւ ներդրողների հետ հանդիպումներից հետո:

Փաշինյանի խոսքով՝ որեւէ գաղտնի քննարկումներ չեն լինելու: Խոսելու են՝ ինչպես եւ ինչ մեթոդներով պետք է հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Տնտեսագետներն այս տարբերակին համաձայն են, իրենք էլ են հաստատում, որ հեղափոխություններից եւ փոփոխություններից հետո բիզնեսը սովորաբար սպասողական վիճակում է հայտնվում: Տնտեսագետ Բաբկեն Թունյանը հստակ ժամկետներ չի նշում, բայց կանխատեսում է, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տնտեսության մեջ դրական էֆեկտը երկար սպասեցնել չի տա:

Քաղաքական տեսանկյունից շատերը պնդում են՝ հանրության մեջ հեղափոխությունից հետո էյֆորիկ իրավիճակ է, հետեւաբար նոր ընտրություններով խորհրդարանում կրկին չենք ստանալու ընտրազանգվածի իրական պատկերը: Ավագանու արտահերթ ընտրություններին <<Ժառանգություն>> կուսակցությանը չհաջողվեց մուտք գործել Երեւանի ավագանի: Ինչ որ չափով այս կուսակցությունը եւս տուժել է <<քաղաքական էյֆորիայից>>, բայց անկախ ամեն ինչից կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների այլընտրանք չի տեսնում: Անգամ խոչընդոտ չէ կրկին խորհրդարանում չհայտվելու հեռանկարը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այս պահին Հայաստանի քաղաքական դաշտում տեսնում է ոչ թե կայացած, այլ՝ կոլապսի մեջ գտնվող կուսակցական համակարգ։

«Էյֆորիան պետք է մարի, որ մարդիկ գիտակցաբար գնան ընտրությունների>»,- ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը չի նպաստի նախկինում եղած խնդրի լուծմանը. սա ԱԺՄ կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքն է:

«Ռադիոլուրին» փոխանցեց, որ այս թեմայով չի ցանկանում հարցազրույցներ տալ, բայց  հստակ պատկերացնում է անհրաժեշտ քայլերի հերթականությունը: Ասում է՝ առաջին քայլով անհրաժեշտ է ընդունել օրենք կամ կառավարության որոշում կուսակցությունների զարգացման մասին, երկրորդով՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք:

Ամեն դեպքում դեմ արտահայտվողներին վարչապետն այսօր արդեն զգուշացրել է՝ հույս ունի խորհրդարանական ուժերի հետ համաձայնության հասնել եւ քաղաքացիներին դիմելու անհրաժեշտություն չի լինի։

Վարչապետի ընդդիմախոսներն իրենց հերթին՝ դիրքորոշումը փորձում են հիմնավորել, որ հաղթանակի իրական հավակնություն եւ հնարավորություն ունեցող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ ժողովրդավարական երկրի չափորոշիչների, դեռեւս կազմավորման ընթացքի մեջ է՝ իր զինանոցում ունենալով հիմնականում միայն մեկ գլխավոր ակտիվ՝ ժողովրդի որոշակի հատվածի սերը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button