Տնտեսական

Նոյեմբերի վերջից կունենանք հայկական նոր՝ բարձր մակարդակի պաշտպանությամբ թղթադրամներ

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասել է Ջավադյանը:

ՀՀ Կենտրոնական բանկը դեռ 2017 թվականի հունիսին տեղեկացրել էր, որ հաստատվել է ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ և նախատեսվում է դրամի 25-ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ դնել նոր թղթադրամներ:

Կոմպոզիտային թղթադրամները մշակվել են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button