ԿարևորՀասարակությունՄշակույթ

Հայ ժողովրդի հետ կկիսենք ֆրանսիացի ժողովրդի սուգը. նախագահ Մակրոնը՝ Շառլ Ազնավուրի մահվան առիթով (լրացված)

տեղադրվել է ժամը 16.12- ին
վերջին լրացումը՝ 17։47- ին

Այսօր 94 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ շանսոնիե Շառզ Ազնավուրը։ Տեղեկությունը հենց նոր տարածել է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Նրա մամուլի քարտուղարն ասել է, որ Արտիստը մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

 

 

Նա ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:


Դժվար է հավատալ, որ մարդը, որը դարաշրջան ու պատմություն է կերտել և ծառայել իր ժողովրդին, որովհետև Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է և հարյուր տոկոսով հայ, այսօր այլևս մեզ հետ չէ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան


2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Շառլ Ազնավուրի  հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շարլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:


Մենք հայ ժողովրդի հետ կկիսենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն


Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր։ Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է:

Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Հայ երգի մեծագույն ասպետն ու մեր հոգու դեսպանն աշխարհում. Տիգրան Մանսուրյանը Շառլ Ազնավուրի մասին 


Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ:

1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Ցուցադրել ավելի
Back to top button