Հասարակություն

Արմեն Սարգսյանի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

«Մաղթում եմ Երեւանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման եւ նրա բնակիչների բարեկեցության աճի», -ասված է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Երևանի ավագանու ընտրությունների առթիվ արված ուղերձում, որը տարածել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահը շնորհավորել է Երևանի ավագանու ընտրությունները Սահմանադրական նորմերին եւ սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ: Այն գնահատել է որպես Նոր Հայաստանի առաջին քայլ՝ ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, նշելով, որ անցկացված ընտրությունները հիմք կարող են ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։

«Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների եւ կուսակցությունների, ինչպես նաեւ ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները եւ շնորհավորեցին հաղթած ուժին։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ եւ ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը», — ասված է ուղերձում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ

2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ

3) «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button