Հասարակություն

Արեւմտյան Հայաստանի նախագահն ու ԱԺ ղեկավարը ամփոփել են կատարված աշխատանքը

Աշխարհի շուրջ 47 երկրից 51500 ընտրող իր ձայնն ուղղել է հանուն Արևմտյան Հայաստանի նոր Ազգային խորհրդարանի ձևավորման: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Արեւմտյան Հայաստանի նախագահ Ռադիկ Խամոյանը՝ ամփոփելով Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի արդյունքները: Ընտրությունները կայացել են սեպտեմբերի 1-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը՝ համացանցային օնլայն համակարգով՝ «Էլեքշըն Վեսթեռն Արմենիա ինֆո» կայքում:

Վտարանդի կառավարությունը հավատում է, որ  գնալով Արեւմտյան Հայաստանի կառավարական մարմինները ձեւավորվելու են որակական առավել բարձր եւ ուժեղ հիմքերով, ունենալու են լեգիտիմության բարձր մակարդակ եւ միջազգային հարթակներում ներկայացնելու են իրավական պահանջներ:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը առաջին անգամ ձեւավորվել է 2013 թվականին: Այն ժամանակ ընտրություններին մասնակցել է 41 երկրի արմատներով Արեւմտյան Հայաստանի 17837 ընտրող, որոնք նախապես ձեռք են բերել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն: Նրանց տրվում են անձնագրեր: ԱՀ-ի նախագահ Ռադիկ Խամոյանը հավատում է, որ դրանք Արեւմտյան Հայաստանի՝ իրավական ուժով գործող առաջին անձնագրերը կդառնան:

5  տարվա ընթացքում մոտ երեք անգամ ընդլայնվել է Արեւմտյան Հայաստանի տեսլական-գաղափարախոսությանը հետեւողների ե՛ւ աշխարհագրությունը, ե՛ւ ԱՀ-ի քաղաքացիների թիվը, ընդ որում՝ նրանք նաեւ բուն Արեւմտյան Հայաստանի տարածքում բնակվող հայեր են:

Ռադիկ Խամոյանը կոչ արեց հատկապես արմատներով Արեւմտյան հայաստանցիներին ձեռք բերել քաղաքացիություն՝ փաստելով նաեւ իրենց ժառանգական պահանջատիրությունը: Նա ասաց, որ Արեւմտյան Հայաստանի 2-րդ գումարման խորհրդարանն ընտրվել է լեգիտիմության բարձրագույն աստիճանով եւ 101 պատգամավոր անցել են բուն աշխատանքի:

ԱՀ-ի նորընտիր ԱԺ նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը վստահ է, որ գնալով Արեւմտյան Հայաստանի կառավարական մարմինները ձեւավորվելու են որակական առավել բարձր եւ ուժեղ հիմքերով, ունենալու են լեգիտիմության բարձր մակարդակ եւ միջազգային հարթակներում ներկայացնելու են իրավական պահանջներ:

Արեւմտյան Հայաստանի կառավարական մարմինների պահանջատիրական գործունեությունը հիմնված է 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա: Արդեն կազմվել եւ ՄԱԿ-ին են ներկայացվել համապատասկան իրավական փաթեթներ՝ հաստատված ԱՀ-ի ԱԺ-ի կողմից՝ հայտնեց Ռադիկ Խամոյանը:

ԱՀ-ի ԱԺ նորընտիր նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի փոխանցմամբ էլ՝ իրենց գործունեության առանցքային խնդիրը լինելու է  միջազգային իրավունքի հիման վրա կազմված իրավական փաթեթներով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել եւ քայլ առ քայլ հասնել Արեւմտյան Հայաստանի բռնագրավված տարածքների դեօկուպացիային՝ ազատմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button