Քաղաքական

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ ներքաղաքական քննարկումների օրակարգում

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ Երևան վերադառնալուն պես խորհրդարանական ուժերի հետ բանակցություններ է սկսելու արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:

Հենց այս խնդիրն է դարձել եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում էլ կլինի տարբեր հարթակներում ներքաղաքական քննարկումների առանցքային թեման:

 

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության հրավիրած Գործադիր մարմնի նիստում որոշ չափով քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, սակայն վերջնական որոշում չի ընդունվել: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է ԱԺ ինքնալուծարման ճանապարհով արտահերթ ընտրությունների հասնելուն.

«Դա կոնկրետ չի քննարկվել: Ես կարող եմ իմ կարծիքն ասել՝ դա սխալ երեւույթ է»:

ՀՀԿ-ական պատգամավորը չժխտեց, որ կուսակցությունը պատրաստ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով բանակցություններ սկսել:

«Եթե բանակցությունների խնդիր լինի, մենք մարդիկ կառանձնացնենք, որոնք կբանակցեն: Քննարկելու խնդիր կա այդտեղ, ես չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունն ամեն դեպքում պետք է գնա այն ճանապարհով, ինչն ուզում է կառավարությունը»:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ազգային ժողովը երկրի օրենսդիր մարմինն է և վարչապետն է հաշվետու օրենսդիր մարմնին, ոչ թե հակառակը: Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է բանակցություններ սկսի քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով: Շարմազանովի խոսքով՝ այդ հարցում հանրապետականում տարբեր կարծիքներ չկան.

«Մենք բոլորս էլ երկխոսության կողմնակից ենք, բայց երկխոսության գնալ չի նշանակում, որ պատրաստ ենք ընդունել այն առաջարկները կամ պնդումները, որոնք անում է կառավարությունն ու վարչապետը: Այս խորհրդարանն ընտրվել է օրինական, որն ըստ Սահմանադրության աշխատելու ժամկետ ունի մինչև 2022 թվականը: Պետք է պահպանել այդ ժամկետը և գնալ այդ ուղղությամբ»:

 

ԱԺ-ի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը շեշտում է, որ ավագանու ընտրություններում ստացած արդյունքները հնարավորություն են տվել մտածելու հրատապ ռեժիմով ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար.

«Տեսեք ինչ իրավիճակ է ստեղծվել. փաստացի հեղափոխական ուժը ավագանիում ունի 80 տոկոս՝ 65 տեղից 57-ը, իսկ ԱԺ-ում ընդամենը 5 պատգամավոր: Միաժամանակ մեկ այլ կուսակցություն՝ «Ծառուկյան» դաշինքը ԱԺ-ում ունի 31 մանդատ, իսկ ավագանիում ընդամենը 7 տոկոս: Այսինքն՝ այս իրողությունն ակնհայտ ցույց է տալիս, որ հանրության եւ խորհրդարանի միջեւ կա խզում, որ խորհրդարանը չի ներկայացնում քաղաքացիների քաղաքական կողմնորոշումները եւ տրամադրությունները եւ պետք է լուծարվի»:

Բոլոր այն պնդումները, թե ավագանու ընտրություններում 80 տոկոս հավաքելը  վարչապետ Փաշինյանին խորհրդարանը լուծարելու վստահության քվե տվեցին՝ որևէ քննադատության չի դիմանում՝ ասում է  ԱԺ հանրապետական փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովը:

«Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին՝  ես դրա համար հիմքեր չեմ տեսնում: Հիմա, իմ կարծիքը սա է: Հիմա կգնան բանակցություններ,  թե բանակցությունների արդյունքում պարզվի այլ բան՝  խնդիր ես չեմ տեսնում:

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ հեղափոխությունից հետո որոշակի էյֆորիա կար, որն իր առանձնահատկությունն  ուներ: ԲՀԿ-ն ընդունում է երեւույթներն այնպիսին, ինչպիսին կան, ոչ մի բանից պետք չէ զարմանալ՝ ասաց, ապա նաեւ կարծիք հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չպետք է այս տարի լինեն, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել: Նա հիշեցնում է, որ վարչապետի հետ այլ պայմանավորվածություններ են եղել, և ընտրությունները պետք է կայանային հաջորդ տարի՝ մայիսի վերջ, հունիսի սկիզբ: Հիմա, վարչապետը առաջարկել է բանակցություններ սկսել եւ իրենք պետք է նախ տեսնեն, թե բանակցությունների առարկան ինչն է:

«Չնայած այն, ինչ-որ մամուլով հայտարարվել է՝ մենք լսել ենք: Խնդիրն է՝ շատ արագ  անել արտահերթ ընտրություն: Քննարկել ժամկետ արտահերթ ընտրությունների, դա նշանակում է ունենալ նոր խաղի կանոն՝ ընտրական օրենսգիրք, երկրորդ՝  բոլոր քաղաքական ուժերի համար պետք է հավասար պայմաններ չէ՞ ստեղծենք: Էս դեպքում կուսակցական շահը պետք է ստորադասվի պետական շահին: Այսինքն, մեր նպատակը որն է՝ որ մենք չունենանք չէ՞ քաղաքական մենիշխանություն: Քաղաքական մենաշնորհի դեմ ենք, չէ՞, հիմա ի՞նչ անենք՝ արագ գնանք, որպեսզի ստանանք քաղաքական մենիշխանությու՞ն»: 

Ի դեպ, իրավական առումով, կարճ ժամկետում արտահերթ ընտրություններ անցկացնելու մեխանիզմների մասին մոտեցումները բավականին հակասական են նաեւ տարբեր փորձագիտական շրջանակներում: Սահմանադրական գոյություն ունեցող նորմերով գնալը ոմանք վտանգավոր են համարում, իսկ այլ ուղիներ գտնելու եւ իրագործելու համար (այդ թվում՝ հանրաքվեի) ժամանակ է պետք:

Ցուցադրել ավելի
Back to top button