Հասարակություն

Սպանդարյանից ամեն տարի 300 մարդ գնում է խոպան՝ չվերադարձողներ էլ կան

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից արտագնա աշխատանքի մեկնողներ կան, չվերադարձողներ էլ: Խոպանը երբեմն ընտանիքների կազմալուծման պատճառ է դառնում: Խոպանից չվերադարձողների կանայք լուռ կրում են ընտանիքի հոգսը, երեխաներին մեծացնում:

 

Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում կեսօրին սակավաթիվ մարդկանց  կարելի է հանդիպել: Աշխուժություն նկատվում է առավոտյան, երբ երեխաները  դպրոց են գնում ու վերադառնում, երբ տանտիկինները  դույլով կաթը  ձեռքներին հարևանների տուն են գնում  ու կաթը փոխ տալիս: Այս կերպ հավաքված կաթից  թթվասեր, կարագ, պանիր ու յուղ են սարքում, իսկ կտրված կաթից էլ կաթնաշոռ հանում: Գյուղում տնտեսության հիմնական հոգսը կանանց վրա է:  Կեսօրին տան դիմաց  հանդիպեցի տիկին Դոնարային, տանը միայնակ էր, փոքրիկ թոռանն էր զբաղեցնում: Հարսները գնացել էին խանութ, խոպանից փող էին ուղարկել:  Սահակյանների տան տղամարդիկ խոպանում են, տղաները  փետրվարին էին  մեկնել, ամուսինը՝ մեկ ամիս առաջ:

«Տանը տղամարդ էր  պետք, բերքահավաքն արեց, խոտը քաղեց, ալյուրն աղաց,  տուկերը տեղավորեց նոր գնաց»:

Ռուսաստանում  շինարարության վրա են աշխատում, տանիքներ են կառուցում, կվերադառնան՝ նոյեմբերին: Գյուղից շատ են գնում խոպան: Սպանդարյանի  համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանի տեղեկացմամբ համայնքն  ունի 1601 բնակիչ,  միջին հաշվարկով ամեն տարի 300-ից ավելի մարդ մեկնում է  արտագնա աշխատանքի:  Գնացել են նաև ընտանիքներով ու մնացել: Դոնարայի տանը դրկից բարեկամների դռները  փակ էին:

Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ է մեկնել խոպան, հիմա գյուղում սեփական  տաքսի է վարում և ավտոբուսի ուղեվարձի գներով տեղացիներին հասցնում Արթիկ կամ հարևան գյուղերը: Գյուղացիներից մի քանիսն են այս կերպ վաստակում, քանի որ գյուղում չկա միջհամայնքային երթուղային տրանսպորտ:

Աշխատանքային միգրանտները երբեմն բախտի քմհաճույքով են գնում Ռուսաստան, չեն նշում այցեի հիմնական պատճառը և կարճ ժամանակ անց վերադառնում: 83-ամյա Ռազմիկ Մովսիսյանը դժգոհում է իրավիճակից. «Գրանցում չկա, 3 ամիս հետո մարդիկ դառնում, գալիս են, այնպիսի տեղ էլ կա,  որ գնում աշխատում են, գլխի տակ բարձի տեղ քար են դնում, բայց  խաբում են ու փող չեն տալիս»:

Խոպանով մարդիկ տուն են պահում, սակայն խոպանը նաև ընտանիքների կազմալուծման պատճառ է դառնում: Երկրից դուրս աշխատանք փնտրողների մի մասը չի վերադարձել: «Գյուղից մարդ կա, որ շատ շուտվանից է Ռուսաստանում, այնպես էլինում, որ 3-4 տարին մեկ անգամ է գալիս, մյուսը գնացել է ու մնացել, հետո դեպորտ արեցին՝ եկավ»:

Դեպի Ռուսաստան մուտքն արգելվել է, քանի որ նշված քաղաքացին չի ունեցել օրինական գրանցման փաստաթղթեր: Տարիներ շարունակ թաքնվելով և անլեգալ աշխատելով՝ նրան արտաքսել են երկրից: Ինչպես Սպանդարյանում, այնպես էլ  Արթիկի տարածքի մյուս  գյուղերում երևույթը եզակի չէ:

Ռուսաստանում  մնացող տղամարդիկ  շատ հաճախ ստեղծում են երկրորդ ընտանիքը:  Նրանք իրենց հայրենի տանն ապրում են 3-4 ամիս, իսկ  Ռուսաստանում՝ 8-9:  Խոպանից չվերադարձողների կանայք չեն բաժանվում, չարչարվում են, միայնակ մեծացնում երեխաներին, նրանց ամուսնացնում, իսկ ծերության շեմին ամուսինները թակում են իրենց դուռը և անվրդով ներս մտնում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button