ԿարևորՀասարակություն

Երեք լավ լուր Սեւանի մասին եւ լսումներ՝ ԱԺ- ում

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր խորհրդարան էր եկել երեք լավ լուրով, որոնք կապ ունեին Սեւանա լճի հետ: Այս պահի դրությամբ՝ լճի մակարդակը անցյալ տարվա համեմատ սանտիմետրով բարձր է: Երեկ կառավարությունը հաստատել է Սեւանա լճի 2019 թվականի գործողությունների ծրագիրը, որտեղ նշված են լիճը առողջացնելու համար նախատեսված ծրագրերը եւ 3- րդ լավ լուրն այն է, որ երեկվանից մաքսային մարմինները արգելել են ձկնորսական մանր ցանցերի ներմուծումը: Ակնկալվում է, որ սա լրացուցիչ օգնություն է Սեւանա լճին:  Բայց ինչպես ցույց տվեց խորհրդարանական լսումների ընթացքը՝ միայն մեկ ուղղությամբ մտածելով՝ կուտակված խնդիրները չեն լուծվելու:

 

Բնապահպաններն այսօր վերջապես կարողացան մուտք գործել Աժ եւ լսելի դարձնել իրենց ձայնը: Ամեն տարի պետական կառույցները խախտում են օրենքը: Սեւանից լրացուցիչ ջրառ կատարելուց առաջ որպես հիմնավորումներ կառավարությունը ներկայացնում է Սեւանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի կարծիքը համապատասխան հաշվարկներով եւ դրական եզրակացություններով:

Իրականում պարզվում է, որ  ջրառից հետո հաշվարկները սխալ էին եւ Սեւանի մակարդակն իջնում է նախատեսվածից ավելի։  Այս կորուստների համար համապատասխան փորձագիտական հանձնաժողովն իրեն պատասխանատու չի համարում: 2017-ին դրական եզրակացությամբ արված ջրառից հետո Սեւանը չնախատեսված կորցրեց լրացուցիչ 4 սանտիմետր: Սա սխալ հաշվարկի արդեն երրորդ դեպքն էր: Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հաստատում է այս տվյալները, բայց պատասխանատուի տեղը չգիտի:

Լրացուցիչ ջրառի խնդիրները կառավարման պատասխանատուներին թերեւս չեն անհանգստացնում զուտ այն պատճառով, որ այս պահի դրությամբ ունենք 4 անգամ ավելի ջուր, քան մեզ անհրաժեշտ է:  Սա նույնպես պաշտոնական տվյալներ են:

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հաստատում է. Արարատյան դաշտում արտեզյան պաշարներն այսօր հյուծվում են՝ ի հաշիվ ձկնաբուծության  ծավալների անասելի աճի: Ձկնաբուծության արդյունքում՝ Սեւջուր գետն արդեն չորացել է, այնինչ ժամանակին այդ գետը ոռոգելի տարածքներին մեծ ծավալով ջուր էր ապահովում: Խնդիր են նաեւ ՀԷԿ-երը:

Այս ամենի հետ մեկտեղ, պարբերաբար մակարդակը կորցնող Սեւանը շարունակում է աղտոտվել: Լճի անմիջապես ափին գործում է հասարակական սննդի, ժամանակավոր ու մշտական հանգստի շուրջ 2400 օբյեկտ: Բոլորն իրեն կոյուղիները թափում են անմիջապես Սեւանա լիճ: Անհրաժեշտ կոլեկտորի՝ մաքրման կայանի կառուցման մասին խոսակցությունները տասնամյակներ շարունակ այդպես էլ մնացին քննարկումների դաշտում:

Աղտոտվածությունն ու խախտված բալասն են պատճառը, որ Սեւանի ջրերն այս տարի կանաչեցին՝ ծաղկած ջրիմուռների պատճառով: Երեւույթը մահացու չէր:  Ահաբեկված զբոսաշրջիկների վախը փարատելու համար <<Սեւան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը խմեց կանաչ Սեւանի ջուրը, հայտնվեց հիվանդանոցում:

Այսօր նա Աժ-ում էր, հավաստիացնում էր, որ լավ է: Կանաչած Սեւանը, սակայն, լուրջ խնդիրներ հասցրեց Գեղարքունիքի մարզի բնակիչներին: Արտագաղթը նոր թափ է ստացել՝ ասում է մարզից խորհրդարանական լսումների եկած <<Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն>>-ից Սաթիկ Բադեյանը:

Մտահոգությունները մի բան են, իրականությունը՝ մեկ այլ: Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը առաջարկում է լինել իրատես: Չի բացառում, որ հաջորդ տարի եւս Սեւանա լճից լրացուցիչ ջրառ կատարվի:

Ցուցադրել ավելի
Back to top button