Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին

ԵԱՀԿ Մինսկի համանախագահները խոր ափսոսանք են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են  իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից՝ ասվում է ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զահրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլեր անելու կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ կրկին հանդիպելու մասին:

ԵԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ համանախագահների և նախարարների հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կզեկուցեն բանակցությունների ընթացքի մասին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button