Հասարակություն

Աննախադեպ երեւույթ լրագրողական դաշտում. լրատվամիջոցը դատի է տալիս լրագրողին

News.am լրատվական գործակալությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայկական ժամանակի», ինչի համար հիմք է հանդիսացել լրատվամիջոցի կողմից հրապարակված  «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» հոդվածը: Կայքը կարծում է, որ News.am-ի վերաբերյալ հոդվածում տեղ գտած մի շարք արտահայտություններով, ինչպես նաև հոդվածի վերնագրով իր գործարար համբավին վնաս է պատճառվել: Դատական մի հայց էլ ներկայացվել է 1in.am  կայքի լրագրողի դեմ՝ այս դեպքում էլ ֆեյսբուքյան գրառման համար:

 

«News.am լրատվական կայքը դատական հայց է ներկայացրել 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեմ։ Թեման ուշագրավ է, քանի որ հայցի պատճառը լրագրողի ֆեյսբուքյան գրառումն է։ Սա աննախադեպ երեւույթ է հայաստանյան լրատվական դաշտում։

News.am-ը լրագրողից պահանջում է հերքում տալ, հրապարակային ներողություն խնդրել, ներկայացրել է 200 հազար դրամ գումարային պահանջ, ինչպես նաև դատարանից խնդրել է լրագրողին պարտավորեցնել ֆեյսբուքյան իր էջում հրապարակել նաև դատարանի վճիռը։

Ո՞րն է  դատական հայցի առարկան. 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանը իր հոդվածի, դրան հաջորդած news.am- ում տպագրված հայտարարության մասին գրառում է կատարել ֆեյբսուքում՝ նշելով, որ կայքը այդ հայտարարությունը հրապարակել է՝ կատարելով ԳՆՈՐԴԻ պատվերը։ Լրագրողն ինձ հետ զրույցում ասաց, որ խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ լրատվամիջոցը գնելու մասին է եւ դրա սկզբնաղբյուրն ինքը չէ, բայց տարօրինակ է,  որ հենց իր դեմ են հայց ներկայացրել։

Լրագրողը դժվարացավ պատասխանել, թե ինչու է news.am- ը  հատկապես իր դեմ դատական հայց ներկայացրել, եթե դրա  մասին իրենից ավելի վաղ գրառում անողներ են եղել: Այնուամենայնիվ՝ հայցադիմումը Սոնա Հարությունյանին զարմացրել է, սա վատ նախադեպ կարող է դառնալ՝ ասաց.

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողները դատական հայցեր են ներկայացնում միմյանց դեմ գրագողության համար, սակայն աննախադեպ է, երբ  լրատվամիջոցը դատական հայց է ներկայացնում լրագրողի դեմ: Մինչև դատարան հասնելը՝ կարելի էր հարցը լուծել այդ դեպքերի համար ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհրդում, կամ դիտորդ մարմնում ասաց:

«Իհարկե ֆեյսբուքյան գրառումը հրապարակային հայտարարություն է և դա լինի տպագիր մամուլում կամ ֆեյսբուքում, նույնն  է։ Երկուսն էլ հրապարակային են։ Այսինքն՝ լրագրողը նպատակ է ունեցել  միտքը, խոսքը հրապարակային հայտնել: Բայց այլ է խնդիրը, երբ նայում են լրագրողական համքարության տեսանկյունից: Արդյո՞ք այս մասնագիտության տեր մարդկանց խնդիրները պետք է լուծվեն  դատարանների միջոցով, թե՞ ներսում: Այս ուղղությամբ եթե նայում են խնդրին՝ դա անընդունելի է»:

Լրագրողական համայնքից չպետք է դուրս գար այս հարցը, սակայն հապճեպ  քայլեր են արվել՝ ասաց:

Անընդունելի է նաև դրամական փոխհատուցման պահանջը. ոչ թե պատժիչ գործողություններ  պետք է արվեն, այլ զգաստացնող: Կարող էին սիմվոլիկ 1 դրամ, կամ 5 դրամ պահանջել՝ կարծում է Շուշան Դոյդոյանը:

News.am- ից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց։ Կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը նշեց, որ հարցերին կարող է պատասխանել փաստաբանը, սակայն News.am- ի փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան:

 

Ցուցադրել ավելի
Back to top button