ԿարևորՏնտեսական

Ալավերդու պղնձաձուլարանը պե՞տք է աշխատի, թե՞ ոչ. հարցի պատասխանը «Ռադիոլուրը» փնտրել է Ալավերդիում

ACP ( «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ)  ընկերությունը 380 մլն դրամի վնաս  է հասցրել շրջակա միջավայրին։ Ընդերքի տեսչական մարմինը ստուգումներն ավարտեց Ալավերդու պղնձաձուլարանում: Նախապես որոշվել էր ընկերությանը պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու համար: Սակայն այժմ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում էլ   բարձրացված հարցերը  պատասխաններ կստանան: Ալավերդիում կարծիքները տարբեր են, գերակշռող շեշտադրումը՝ գործարանը պետք է աշխատի՝ պահպանելով  բնապահպանական բոլոր նորմերը: Օրերս «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը մեդիատուր էր կազմակերպել Ալավերդի։

 

Սրտախառնոց, գլխացավ ու ոչ միայն. «Ռադիոլուրի» զրուցակից Վազգեն Մելքոնյանն ամեն անգամ, երբ Թումանյանից Ալավերդի է գնում, այս ախտանշաններն ունենում։ Մեր այցելության պահին Ալավերդու պղնձաձուլարանից ծուխ էր դուրս գալիս, սակայն ոչ այն ծավալով, ինչքան վերջին ամիսներին՝ բարձրաձայնում էին տեղացիները:

Խնդիրն այնքան էր սրվել, որ ստեղծվեց   «SOS Ալավերդի»  նախաձեռնությունը: 12,5 անգամ ավելացել է արտանետումների ծավալը՝ ասում է նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը։ Նախաձեռնողների մի մասը գիտակցում է՝ եթե գործարանը փակվի, առանց այն էլ սոցիալական սուր խնդիրներ ունեցող  քաղաքում դրանք մի քանի անգամ կավելանան: Տեղացիներն էլ են մտացում, որ գործարանն իրենց պետք է։

Նախաձեռնության անդամներն առաջարկում են զտիչներ տեղադրել: «Ռադիոլուրը» փորձեց մեկ անգամ ևս կապվել Ալավերդու պղնձաձուլական գործարանը  շահագործող   «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» (ACP ) ՓԲԸ  տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ: Չհաջողվեց: Վերջինս ավելի վաղ մեզ փոխանցել էր, որ զտիչի  տեղադրումը խնդրի լուծում չէ: Միակ լուծումը ծծմբաթթվի կամ ծծմբային այլ նյութի արտադրություն կազմակերպելն է: Նշում է՝ գործարանի սարքավորումներն իսկապես  հին են՝ խորհրդային տարիներին ձեռք բերված։


Փակել գործարանը, թե՞ ոչ. ալավերդցիները կդիմեն վարչապետին

Մեջլումյանը հենց մեզ էր  ասել, որ  երկու տարվա եռակողմ  (Վալլեքս խմբի ընկերություններ-  Հայաստանի եւ Չինաստանի կառավարություններ)  բանակցությունները դրական արդյունք են տվել։ Կկառուցվի նոր, գերժամանակակից պղնձաձուլական գործարան: Թե որտեղ՝ դեռ հստակ չէ: Մոտ 400-500 մլն դոլարի ներդրում է նախատեսվում՝ ըստ տնօրենի։

«Ներկա փուլում խոսքը պղնձաձուլարանի և քիմիական արդյունաբերության մասին է. ձուլարան, հետո արդեն մաքուր պղնձի արտադրություն։ Սա շատ լուրջ ու մասշտաբային ծրագիր է: Ես ուզում եմ, որ բոլորը գիտակցեն ու հասկանան, որ պղնձաձուլարան կառուցելը թեթև արդյունաբերություն չի, որ երկու հաստոց բերենք դնենք, ասենք, որ կարի արտադրամաս ունենք»:

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:  «SOS Ալավերդի»   նախաձեռնության անդամ Վազգեն  Մելքոնյանը կարծում է, որ եթե գործարանը փակվի, ապա երկու տարի հետո տուրիզմն այստեղ կզարգանան: Այժմ ներդրողներ չեն գալիս։

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի տեղեկացմամբ՝ այստեղ երեխաներին ու  հղիներին՝  հղիության յոթերորդ ամսից սկսած, վիտամիններով հարուստ սնունդ են տալիս:

185 մլն դրամ բնապահպանական վճար. ACP-ն Ալավերդու համայնքապետարանին այսքան գումար է  վճարել 2018թվականին: Հաջորդ տարի այն կվճարի 100 մլն դրամ:  Համայնքի ղեկավարը հստակեցնում է՝ ոչ թե գումարն է նվազել, այլ՝ այս տարվա գումարին ավելացել են նաև նախորդ տարիներից մնացած բնապահպանական վճարները:

«Ռադիոլուրը» բոլոր մտահոգող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հարցում էր ուղարկել «Վալլեքս Գրուպ» ընկերությանը: Այսօր ընկերությունից մեզ պարզաբանեցին՝ հոկտեմբերի 1- ին Ալավերդիում հանրային քննարկում է կազմակերպվելու, որտեղ անդրադարձ կլինի նաև մեր հարցադրումներին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button