Տնտեսական

Արժե այցելել Հայաստան՝ Բլումբերգը չի սխալվում:

Ամերիկյան հայտնի Բլումբերգ պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը: Որքանով է Բլումբերգի նկատած զբոսաշրջային գրավչության աճն իրատեսական:

 

 

Ինչպե՞ս փոխվեց Հայաստանը զբոսաշրջիկների աչքին քաղաքական հայտնի իրադարձություններից հետո կամ, առհասարակ, փոխվե՞լ է արդյոք: Հարցը երեւանյան փողոցներում ուղղում եմ մարդկանց, ում զբոսաշրջիկ լինելն առաջին հայացքից էլ կասկածի տեղ չի թողնում: Առաջին իսկ զրուցակիցս նախ հարցերիս հարցերով է պատասխանում, ու զրույցի ընթացքում պարզվում է, որ լրագրողական մեր հարցերին պատասխանողն էլ լրագրող է: Բարբարա Օերթելը գերմանական Tageszeiutung-ի թղթակիցն է: Հայաստան կատարած այս` արդեն 8-րդ այցի ընթացքում մի կողմ է թողել իր տեսած-ճանաչած Հայաստանին առնչվող պատկերացումներն ու փնտրում է թավշյա հեղափոխության արդյունքները:

«Հայաստանն այժմ ավելի հետաքրքիր է այն առումով, թե  ինչ իրավիճակ է թավշե հեղափոխությունից հետո: Ինչպես կընթանան զարգացումները` կապված Նիկոլ Փաշինյանի հետ»: 

Սա սովորական զբոսաշրջային այց չէ` շարունակում է Բարբարա Օերթելը: Իր գլխավորած 16 հոգանոց տուրիստական խումբը Հայաստանը գերադասել է այլ երկրներից ոչ միայն եկեղեցիներ ու տաճարներ տեսնելու համար. ուզում են նաեւ ծանոթանալ քաղաքական վիճակին, ճանաչել Հարավային Կովկասի քաղաքակիրթ հասարակություններին, կամ, որ ավելի անկեղծ, հասկանալ` արդյոք քաղաքակիրթ են այստեղի հասարակությունները:

«Ես այժմ քաղաքակիրթ հասարակություն ունեցող երկրում եմ, ինչն ապացուցեցին վերջին քաղաքական իրադարձությունները»:

Հայաստանյան վերջին զարգացումներին տեղյակ է նաեւ Ֆրանկ Բյոհրինգերը` կրկին Գերմանիայից: Մեր երկրում է որպես զբոսաշրջիկ, սակայն, ասում է, փնտրում է քաղաքական հարցերի պատասխաններ, օրինակ` ինչպես հայ հասարակությունը համակարգային փոփոխության հասավ: Ֆրանկը հասցրել է իր համար պարզել` ինչով է առանձնանում Հայաստանն իր համար:

«Վստահաբար կարող եմ ասել` մարդկանց էմոցիաները: Մարդիկ այստեղ արտառոց զգացմունքային են, բաց` դրսից եկածների հանդեպ: Հենց դրանով նրանք ունեն յուրահատուկ պահվածք»:

6 օրով Հայաստանում է Չեխիայից ժամանած մյուս զրուցակիցս ու այստեղից մեկնելու է Իրան: Եկել է բացահայտելու լեռնային երկրի գեղեցիկ բնաշխարհը: Համացանցում Հայաստան որոնելիս գտել է գեղեցիկ երկիր ու եկել:

«Կարծում եմ` Հայաստանն այժմ զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր երկիր է: Համենայն դեպս, Չեխիայում այդպես են մտածում: Ի՞նչ երկիր է ինձ համար Հայաստանը: Գեղեցիկ երկիր, որտեղ հասցրել եմ մագլցել Արագած լեռը: Հիանալի են սնունդն ու կլիման»:

Այնպես չէ, որ զրուցակիցներս խնդիրներից խոսելու առիթ չունեն: Բայց գերադասում են դրական երեւույթներից խոսել: Նովոսիբիրսկից հայաստանյան մեր հյուրերը միանգամից են անկեղծանում. տարածաշրջանային այցով են այստեղ. ավելի շատ հետաքրքրում էր Վրաստանը: Բայց..

«Անկեղծ ասած` ի սկզբանե հետաքրքրում էր Վրաստանը, բայց ընտրեցինք Հայաստանը, քանի որ տոմսերն ավելի էժան էին: Ինչ ճիշտն է, ճիշտն է: Բայց հիմա չենք ափսոսում»:

Ամերիկյան հայտնի «Բլումբերգ» պարբերականը եւս նկատել է` Հայաստանը զբոսաշրջության տեմպերով արագ աճ արձանագրող երկրների առաջին տասնյակում է: Թեեւ տասնյակի վերջում, բայց տասնյակում:  Հիմքում վիճակագրությունն է` մեր երկրում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը 18.6 տոկոս է: Զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ են դառնում մեր հարեւան երկրները եւս: Հայաստանից առաջ զբոսաշրջության աճ արձանագրող երկրների տասնյակի առաջին հորիզոնականում Սան Մարինոն է, երկրորդում՝ Վրաստանը, երրորդում` Իսրայելը: 16 հոգանոց զբոսաշրջային խմբի ղեկավար Բարբարա Օերթելին հարց եմ ուղղում` խորհուրդ կտա՞ք գերմանացի ձեր ընկերներին էլ այցելել Հայաստան: Հարցս դեռ չավարտած անմիջապես պատասխանում է` անշուշտ:  Եթե գերմանացին է շտապում իրեն ոչ բնորոշ ձեւով ընդհատել խոսքդ ու վստահեցնել` արժե այցելել Հայաստան, ուրեմն, թերեւս, Բլումբերգը չի սխալվում:

Ցուցադրել ավելի
Back to top button