Հասարակություն

Վարչապետ Փաշինյանի Նյու Յորքից Փարիզ թռիչքի լուսանկարը՝ ցանցում ակտիվ քննարկումների առարկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից Փարիզ է վերադարձել սովորական ինքնաթիռով, սովորական քաղաքացու պես: Շատերը այդ փաստից ուրախացան, բայց կան նաեւ անհատներ, որոնք ավելի լուրջ խնդիրներ են տեսնում այդպիսի քայլի մեջ: Փորձենք հասկանալ՝ ինչն է խնդիրը:

 

Այսօր սոցիալական ցանցերում մեծ տարածում գտավ մի լուսանկար, որից պարզ է դառնում՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից Փարիզ է մեկնել սովորական ինքնաթիռով:

PR մասնագետների համար կանխատեսելի էր այսպիսի նկարի հրապարակումը՝ հաշվի առնելով, որ վարչապետը որդեգրել է բաց գործելաոճ, նախընտրում է ֆեյսբուքյան ուղիղ եթերներ եւ քննարկումներ: Նա լավագույնս օգտվում է ժամանակակից տեխնոլոգիաներից:

PR-ի տեսանկյունից այսօրվա մեկ լուսանկարի հրապարակման քայլը մասնագիտորեն ձեւավորում է հետեւյալ կերպարը՝ պաշտոնյան ընտրվելուց հետո չի փոխվել, մնացել է նույնը, կոռուպցիոներ չի դարձել եւ չի կարող ծախսել որոշակի խոշոր գումար: Այս բնույթի մեկնաբանությունները շատ են ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում:

Միջազգային դաշտում շատ են գործիչները, որոնք այս կամ այն պատճառով երբեմն նախընտրում են սովորական թռիչքները: Այդպես օրինակ՝ այս տարվա ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ <<թավշյա հեղափոխության>> առաջնորդն էր Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը սովորական թռիչքով Բիշքեկից ուղեւորվեց Օշ: Ծափողջունները սկսեցին արդեն ինքնաթիռից։

Այսպիսի սովորական թռիչքներից օգտվել են Սերբիայի, Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Մոլդովայի, Բոսնմիայի եւ Հերցեգովինայի նախագահները: Կան նաեւ հաշվարկներ, թե ինչ տնտեսումներ են արվել այդպիսի թռիչքների դեպքում:

Բայց հարցն ունի նաեւ մեկ այլ կողմ: Դա, օրինակ՝ հաշվի են առել Մեծ Բրիտանիայում, երբ արտգործնախարար Բորիս Ջոնսոնին ոստիկանությունն արգելեց աշխատանքի գնալ հեծանիվով եւ վերջապես կարողացավ տեղափոխել ծառայողական ավտոմեքենա: Դա արվել էր անվտանգության նկատառումներից ելնելով:

Հայաստանի վարչապետի դեպքում նույն խնդրի վրա ուշադրություն են դարձրել նաեւ օգտատերերի մի մասը: Օգտատեր Մարին Հովսեփյանը, օրինակ, կարծում է, որ անկախ պաշտոնից բոլոր աշխատանքային ուղեւորությունները՝ գոնե երկար թռիչքների դեպքում, պիտի լինեն առավել հարմար բիզնես կլասով։

«Մարդիկ թռիչքից հետո հիմնականում շտապում են հանդիպումների ու առավել հոգնելուց ոչ ոք չի շահում»,- եզրակացրել է ֆեյսբուքյան օգտատերը։

Հիացական բոլոր հրապարակումներին ի պատասխան ֆեյսբուքյան գրառման միջոցով իր տեսակետը ներկայացրել է նաեւ <<Slaq.am>>-ի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը.

«Թարգե՛ք էդ էժանագին PR-ը
Քանի որ մեր թիվ 1 բորտը չի կարողանում օվկիանոսը հատել, միշտ էլ մեր նախագահները թիվ 1 բորտով թռել են Փարիզ, սամալյոտը կանգնեցրել փարքինգի եւ սովորական ռեյսով, հասարակ մարդկանց հետ թռել Նահանգներ. ուղղակի չեն ֆայմել Նիկոլի պես մի անգամ էլ Էկոնոմով թռնեն, նկարեն գցեն ՖԲ»:

PR-ի խնդիրներով զբաղվող Ասղիկ Ավետիսյանը հիշում է, երբ Հայաստանի նախկին իշխանություններից Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ճիշտ չհասկացան, երբ նա  փորձեց դուրս գալ ծառայողական ավտոմեքենայից եւ քաղաքով շրջել սովորական տրանսպորտով:

Օրվա վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց արդեն նոր լուսանկար: <<Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին>> գրառմամբ լուսանկարից պարզ երեւում է, որ վարչապետն այնուամենայնիվ, տեղափոխվել է, ինչպես ընդունված է ասել <<թիվ 1>> բորտը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button