Հասարակություն

Պուտինը կարճատև աշխատանքային այցով ժամանել է Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատև աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովը հայտարարել է, որ Պուտինի այցը Բաքու կարևոր այց է լինելու։

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն, իր հերթին, հայտարարել է, թե այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր՝ ռուսական զենքի շուրջ նոր համաձայնագրի հարցը, ռազմատեխնիկական համագործակցության նոր ուղղություններ։

Ադրբեջանցի պատգամավորը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները ելույթ կունենան ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նստաշրջանում և ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնության վերջին օրվա մրցումներին:

Բաքվում կայանալիք միջոցառումներից հետո ռուսական պետության ղեկավարը կմեկնի Դուշանբե, որտեղ հինգշաբթի սկսվում է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը:

Ադրբեջանի նախագահի հետ Պուտինը կհանդիպի նաև Դուշանբեում. Սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաքում անցնելու է ԱՊՀ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button