Վերլուծական

Մոսկվան չի խաղարկում հայկական, ղարաբաղյան խաղաքարտը. ռուս քաղաքագետը՝ ռուս- ադրբեջանական հարաբերությունների մասին

Աշխատանքային այցով Բաքվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ընդամենը շաբաթներ առաջ էին հանդիպել։ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Սոչիում սեպտեմբերի 1- ին բավականին հագեցած օրակարգով բանակցություններ էին վարել: Ի՞նչն է Ռուսաստանի նախագահին այսօր բերել Բաքու: Արդյո՞ք ականատեսն ենք դառնում ռուս-ադրբեջանական մերձեցման, որը ռիսկեր է պարունակում Երևանի համար:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու մեկօրյա աշխատանքային  այցի առիթը ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային հերթական համաժողովին մասնակցությունն է, որի ընթացքում Պուտինը նաև հանդես կգա ելույթով:

Այս համաժողովը երկու պետությունների միջև բազմակողմանի համագործակցության կարևոր ձևաչափ է, անցկացվում է 2010 թվականից, սովորաբար լինում է բավականին ներկայացուցչական՝ տարածաշրջանային և բիզնես շրջանակների լայն մասնակցությամբ, տարբեր ոլորտներում տասնյակ փաստաթղթերի ստորագրմամբ, սակայն նախագահները դրան մասնակցում են առաջին անգամ:

Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ երկու երկրների նախագահների մասնակցությունը Բաքվի ֆորումին վկայում է տարածաշրջանային մակարդակով ռուս-ադրբեջանական համագործակցության նշանակության մեծացման մասին։

Վլադիմիր Պուտինը Բաքվում արդեն բանակցություններ է վարել Ալիևի հետ, քննարկել պայմանավորվածությունները սեպտեմբերի մեկին Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքներով, նաև երկկողմ համագործակցության լայն շրջանակ ու տարածաշրջանային հարցեր:

Վերջին շրջանում  ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է դիվանագիտական ակտիվություն, հաճախակի են դարձել ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ՙՌադիոլուրի՚ հետ զրույցում նշում է, թե արտաքուստ ստեղծվում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում բեկումնային առաջընթացի տպավորություն և հարաբերությունների սերտացմանը խթանում է հենց Ադրբեջանը՝ ունենալով դրա համար արտաքին մարտահրավերներ՝ այս պահին ի դեմս  հարավից՝ Իրանից եկող վտանգի:

Իրականում Բաքուն սկսել է ռեալ գիտակցել վտանգները, որոնք գալիս են Մերձավոր Արևելքից և փորձում է թաքնվել ռուսական հովանոցի տակ, ինչը ուղղահայաց հարաբերություններ են: Ռուսաստանի հետ սերտ  համագործակցությունը ռեգիոնալ մակարդակում կբերի նրան, որ Մոսկվան վտանգի դեպքում ստիպված կլինի պաշտպանել իր բիզնես շահերը:

«Ադրբեջանը իսկապես ունի իրանական կողմից լուրջ վտանգ, քանի որ Իրանում շատ բարդ իրավիճակ է։ Իրանը կարող է վերածվել Սիրիայի, մի քանի միլիոն փախստականներ եկան Թուրքիա, իսկ ի՞նչ կլինի Ադրբեջանում, եթե հանկարծ այնտեղ փախստականներ գնան Իրանից, իսկական աղետ, ո՞վ է նրանց զսպելու՝ ոչ մեկ բացի Ռուսաստանից: Բաքուն գործում է  տրամաբանորեն և  պրագմտիկ: Նրանք զգում են իրական սպառնալիքը, և սիրեն մեզ, թե՝ ոչ, կանչում են իրենց մոտ»,- ասում է Տարասովը:

Հայ քաղաքագիտական շրջանակներում կարծում են՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքական նշանակությունը Մոսկվայի համար բավականին բարձր է: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ  այս շրջանում Ռուսաստանի քաղաքականության թիրախները հասկանալու համար պետք է դիտարկել, թե ինչ խնդիրներ ունի Ռուսաստանը:

 

Նա նշում է, որ դա  Հայաստանի համար որոշակի ռիսկեր է ստեղծում, քանի որ հայտնի է, թե ռուսական շահերի բավարարման դեպքում ինչ է ակնկալում Բաքուն Ռուսաստանից. ադրբեջանամետ առաջընթաց ղարաբաղյան խնդրով:

Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ այս պահին ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում չկա հայկական օրակարգ. Մոսկվան չի խաղարկում հայկական, ղարաբաղյան խաղաքարտը Բաքվի հետ հարաբերություններում, Մոսկվան այժմ դուրս է թողնում ղարաբաղյան խնդիրը և Հայաստանի հետ հարաբերությունները ռուս-ադրբեջանական օրակարգից:

«Նման նշաններ չկան, դեռևս ուղղահայաց հարաբերությունների կառուցում է ընթանում, և ղարաբաղյան հարցով նախապայմաններ չկան, Ադրբեջանը հարաբերությունները կառուցում է երկկողմ հարթությունում, Ռուսաստանը չի խաղարկում  հայկական, ղարաբաղյան խաղաքարտը Ադրբեջանի հետ հարաբերություններում, նա Հայաստանին իր դաշնակիցն է համարում, ամեն ինչ այնպես է ինչպես կար, սակայն տեղի են  ունենում օբյեկտիվ գործընթացներ, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ այժմ ավելի սերտ են, քան նույնիսկ Բելառուսի հետ, որին մենք համարում ենք միութենական պետություն»:

Ցավոք, նման հարաբերություններ մենք չունենք Հայաստանի հետ: Ռուս-հայկական հարաբերություններում ստեղծվել է վակուում, տեղի է ունենում իշխանության կոնսոլիդացիա, մինչև գործընթացները չմտնեն հանդարտ հուն, խոսել պայմանավորվածությունների մասին տարբեր ոլորներում, այդ թվում ղարաբաղյան խնդրում, չի լինի՝ շեշտում է:

Ռուս- ադրբեջանական սերտացող հարաբերությունները արդյո՞ք պայմանավորված կարող են լինել Հայաստանում թավշյա հեղափոխությամբ: «Օբյեկտիովորեն՝ այո: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ոչ թե Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցման տեսանկյունից: Ըստ երևույթին՝ Ադրբեջանը որոշել է օգտագործել պահը և փոխել է իր արտաքին քաղաքական կուրսը, Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսում ևս առայժմ փոփոխություններ չեմ նկատվում»,- ասաց Տարասովը։

Ցուցադրել ավելի
Back to top button