Հասարակություն

Հայ-իրանական հարաբերությունները հիմնարար փոփոխությունների կարիք չունեն

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կատարված արձանագրումները որոշ փորձագետների հիմք են տալիս կարծելու, որ թավշյա հեղափոխությունից հետո պետք է կառուցվեն հայ-իրանական նոր հարաբերություններ՝ այլ բովանդակությամբ: Որոշ փորձագետներ էլ նկատում են, որ տարբեր տարիների հայ-իրանական բարձր մակարդակով հանդիպումներ եղել են եւ  հարաբերությունները կշարունակվեն նույն օրակարգով: Իրանագետների գնահատմամբ՝ երկու երկրների ղեկավարները շատ ծրագրերով գործուն քայլեր կիրականացնեն՝ անհրաժեշտության պարտադրանքով: «Հայ-իրանական հարաբերությունները՝ հեղափոխությունից հետո» թեմայով իրանագետների քննարկումից որոշ տեսակետներ ի մի է բերել մեր գործընկեր Կարեն Ղազարյանը:

 

Հայ-իրանական հարաբերությունները ֆունդամենտալ փոփոխությունների կարիք չունեն: Այս կարծիքին է իրանագետ Նվեր Դավթյանը: Փոխարենը, ըստ նրա, մի շարք ծրագրեր պետք է նոր տրամաբանությամբ գնահատվեն.

«Կային մի շարք ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նոր բովանդակություն, նոր տրամաբանությամբ գնահատել եւ դրանց կյանքի կոչելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչն էլ, կարծում եմ, արտահայտվեց այս երկկողմ հանդիպման ընթացքում»:

Երկու երկրների միջեւ սկսված ծրագրերն իրականացնելու եւ երկկողմ համագործակցությունը խորացնելու նոր ծրագրեր ու տարբեր ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին շեշտադրվեց նաեւ Ռոհանի-Փաշինյան հանդիպման ժամանակ՝ իր հերթին նկատում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Բնականաբար, ես չեմ կարծում, որ պետք է բովանդակային փոփոխություն լինի: Դա չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Իրանի շահերից»:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել մի շարք փոխայցեր: Արմեն Իսրայելյանը կարծում է, որ դրանց ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնց մասին առաջիկա պաշտոնական հանդիպումների ժամանակ կողմերն ավելի հստակ կխոսեն: Նվեր Դավթյանի խոսքով՝ նյույորքյան հանդիպումը ցույց տվեց, որ երկու կողմերն էլ ունեն քաղաքական կամք՝ գործնական քայլեր կատարելու առումով:

«Իրանի նախագահը հայտարարեց, որ կարեւորագույն հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում իրանական կողմը պատրաստ է տեխնիկական եւ ինժեներական աջակցություն ցուցաբերել: Թերեւս առաջին անգամ է, որ Իրանը խոսում է աջակցություն ցուցաբերելու մասին եւ ոչ թե հայտարարություն, որ պետք է համագործակցել»:

Ռոհանին նաեւ շեշտեց, որ խրախուսելու է  իրանցի գործարարներին՝ Հայաստանում ներդրում անելու: Սրանք, Նվեր Դավթյանի գնահատմամբ, կարեւոր ուղերձներ են՝ պայմանավորված հայաստանյան փոփոխություններով: Իրանագետը կարծում է, որ դրական դաշտ է ձեւավորվել եւ կարելի է ենթադրել՝ իրանական կողմը տարբեր ներդրումներով մասնակցություն կունենա: Անդրադառնալով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին հարցին՝ իրանագետը նշեց, որ

«Իհարկե, միանշանակ է, որ դրանք բացասաբար են ազդում: Բայց ես կարծում եմ, որ այստեղ մենք միայն կենտրոնանում ենք ամերիկյան պատժամիջոցների վրա, կարծես թե, ամեն ինչ վերջացած է: Բայց կա դեռեւս համագործակցության դաշտ»:

Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքեց, ԵՄ-ն դեռեւս սերտորեն համագործակցում է Իրանի հետ, Վրաստանը խորը հարաբերություններ ունի եւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, միաժամանակ խորացնում է Իրանի հետ տնտեսական համագործակցությունը եւ որեւէ խնդիր չի առաջանում՝ նկատեց իրանագետը: Իրանի հետ հարաբերությունները մենք պետք է կառուցենք նաեւ այս տեսանկյունից՝ ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ անհրաժեշտությունը ստիպում է երկու երկրների կառավարություններին գործուն քայլեր ձեռնարկել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button