ՀասարակությունՏնտեսական

Զարգացման ծրագրերը կփոխեն գյուղի կյանքը

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվում:  Կառուցվում է ոռոգման և խմելու ջրի ցանց, նոր մանկապարտեզ, հիմնվել է արոտ օգտագործողների սպառողական կոոպերատիվ: Զարգացման ծրագրերն ուղղված են գյուղի կյանքի որակի բարձրացմանը:

 

Արթիկի շրջանի Հոռոմ գյուղը տարածքով այնքան էլ մեծ չէ, տեղացիներն այն շրջանի մյուս բնակավայրերի  համեմատությամբ ավելի բարեկեցիկ ու զարգացման հեռանկարներ ունեցող  համայնք են համարում: Գյուղի ներսում հիմա էլ  գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ծրագրով վերականգնվում է համայնքի ոռոգման ցանցը: Ծրագրի  արժեքը 400մլն դրամ է, որի 5 տոկոս ներդրել է համայնքը, տեղեկացրեց Հոռոմ համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը:

Ոռոգման հողային  ցանցի պատճառով Հոռոմում  ջրի կորուստները հասել է մինչև 70 տոկոսի:   Ծրագրի իրականացումը ենթադրում է նոր աշխատատեղ: Համայնքի ղեկավարն ասում է, եթե գյուղի բնակիչները ներգրավվեն ցանցի վերականգնման աշխատանքներում, ապա նրանք ամսական կվաստակեն ավելի քան 300 000 դրամ: Սակայն դա այդպես չէ, քանի որ  փոխվել է տեղացիների վարքագիծն ու մտածելակերպը՝ նպաստը գերադասելով բարձր աշխատավարձից:

Գյուղատնտեսական տարին լավ սկսվեց, բայց կարկուտն ու անձրևները որոշակի վնաս հասցրեցին բերքին: Հոռոմի 1600 հա հողերն ամբողջությամբ մշակվում են: Թեև գյուղում փակ դռներ կան, բայց հողերը սեփականատերերի ազգական-բարեկամներն ու հարևաններն են մշակում: Գարի, ցորեն, բազուկ, կտավատ ու կարտոֆիլ են ցանում: Լարիսա Հարությունյանն ասաց, որ այս տարի անձրևների պատճառով ցորենը չկարողացան լրիվ քաղել, կարկուտն էլ միրգը վնասեց:

Բնությունը շռայլ էր գտնվել, բայց նաև  վնասել էր,  չնայած դրանից գյուղացիների տրամադրությունը չէր ընկել: Տեղացիները ոգևորված էին քաղաքական դաշտի փոփոխություններով, թավշյա հեղափոխությամբ:

«Տրամադրությունը շատ լավ է, դեռ սպասում ենք լավ անակնկալների, լավ բաների»:

Սպասելիքներ ունեն նաև քաղաքի աղմուկից կտրված ու գյուղում մի քանի օրով հանգստացող երիտասարդները: Նրանք արդեն գյուղի զարգացման  նախագծեր են ուրվագծել և որոշել էքսկուրսիա կազմակերպել:

Գյուղատնտեսության  մեկ այլ ծրագրով էլ զարգացնելու են   անասնապահությունը, ստեղծվել է արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվը: Հեռագնա արոտների արդյունավետ օգտագործման նպատակով կառուցվել են փարախներ, հովվի տուն, իրականացվել է ջրարբիացում: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրվել է 104մլն դրամ:  Հոռոմում կա մոտ 200 գլուխ խոշոր և 600 գլուխ  մանր եղջերավոր անասուն, որոնց ամռան ամիսներին  պահում են հեռագնա արոտավայրերում:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ծարգրային 2-րդ բաղադրիչով Հոռոմում կառուցվելու է  250 տ տարողությամբ սառնարանային տնեսություն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են:

Վերջին տարիներին գյուղն ունի շուրջօրյա ջրամատակարարում, ցանցի 70 տոկոսը վերականգնվել է, կառուցելվել է  մոտ 22կմ  ջրագիծը:  Համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանն ասաց հաջորդ տարում նախատեսել են  կառուցել  մանկապարտեզ, որը իրականացվելու է սոցներդրումների հիմնադրամով:  Մանկապարտեզի կառուցման նպատակով համայնքի բյուջեից արդեն ներդրվել է  7 մլն դրամ, պահանջվող ներդրման  ուղիղ կեսը:

Ցուցադրել ավելի
Back to top button