Հասարակություն

Ինչպիսի՞ նոր լուծումներ է առաջարկում գիտաչափությունը գիտության գնահատման համար

Հայաստանում մեկնարկել է գիտաչափության ամառային երկրորդ միջազգային դպրոցը: Այն անցկացվում է Հայաստանյան գիտական համայնքի ներկայացուցիչների համար եւ հրավիրված մասնագետների մասնակցությամբ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանում համեմատաբար նոր այս գիտական ուղղությունը, ի՞նչ հարցեր է պարզաբանում, ի՞նչ լուծումներ առաջարկում:

 

Գիտաչափությունը համեմատաբար նոր ուղղություն է Հայաստանում: ԳԱԱ ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանի խոսքով՝ կարեւոր է Գիտաչափության միջազգային դպրոցի անցկացումը Հայաստանում, քանի որ  այն քանակական համեմատական մեթոդ է գիտության գնահատման համար:

«Այստեղ կարեւորությունն այն է, որ փորձ է արվում այնպիսի ամբողջական ծավալով վերլուծություն անել, որը հնարավորություն է տալիս ճիշտ գնահատելու»:

Գիտաչափության տարրերից է, օրինակ, թե միջազգային հեղինակավոր ամսագրերում որքան հոդված է  հրապարակել այս կամ այն գիտնականը, որքան հղումներ են արվել դրանց եւ այլն: Ելնելով դրանից՝ փորձ է արվում նաեւ բարելավելու հայաստանյան գիտական ամսագրերի վիճակը, որը հնարավորություն կտա դրանք ինտեգրելու միջազգային հեղինակավոր շտեմարաններին: Շուշանիկ Սարգսյանը ԳԱԱ ինֆորմատիկայի ինստիտուտի եւ  ավտոմատացման պրոբլեմների Գիտական տեղեկատվության վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնի ղեկավարն է:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք, օրինակ, ուսումնասիրել են գիտական համագործակցության խնդիրները՝ դիտարկելով հարցը, թե քաղաքական որոշումները որքանո՞վ են առնչվում գիտական համագործակցության հետ, ասենք, ԵԱՏՄ շրջանակներում:

Գիտաչափությունն այսօր կարեւոր դեր ունի աշխարհում՝ ընդհանրապես եւ յուրաքանչյուր առանձին երկրի համար՝ մասնավորապես: Այս կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց գիտաչափական հետազոտություններով զբաղվող Բելգիայի  ֆլանդրիական ինստիտուտի ղեկավարն Վոլֆգան Գլանսելը: Նրա խոսքով՝ այն օգնում է նաեւ գիտության ֆինանսավորման համար ունենալ հստակ չափանիշեր:

Համակարգը հաշվի է առնում տվյալ երկրի առանձնահատկությունները: Փորձում ենք Հայաստանի գիտական համայնքը եւ գիտաչափությունը բերել միջազգային ստանդարտների, որի դեպքում նաեւ հայկական գիտական ամսագրերը կներառվեն միջազգային հարթակներ:

Վոլֆգան Գլանսելի խոսքով՝ գիտաչափության համար բավականին խոցելի խնդիրներից մեկը ներկայումս «կեղծ գիտությունն է»՝ արտատպություններն ու կեղծ գիտաթեզերը: Գիտաչափությունը այս խնդիրները փորձում է լուծել ՏՏ մասնագետների հետ ծրագրեր մշակելով, որոնք կկարողանան վերլուծել տեքստերը եւ բացահայտել նման երեւույթները՝ եզրափակեց բելգիացի գիտնականը:

Back to top button