Քաղաքական

Քննիչ հանձնաժողովի ամենաուշագրավ նիստերը կանցկացվեն դռնփակ

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել գաղտնալսումների հարցով հանրապետականների նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Հանձնաժողովը միաձայն քվեարկել եւ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրել  «Ելք» խմբակցությունից պատգամավոր Ալեն Սիմոնյանին: ԱԺ կանոնակարգով քննիչ հանձնաժողովների փոխնախագահներ ընտրվում են ընդդիմությունից: Այսօր փորձել են պարզել, թե ով է խորհրդարանում ընդդիմություն: Հանրապետականների կեցվածքից եւ դիրքորոշումից պարզ դարձավ, որ, համենայն դեպս, խորհրդարանում իրենք իրենց ընդդիմություն չեն համարում:

 

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի ամենաուշագրավ նիստերը այսուհետ անցկացվելու են դռնփակ: Հանձնաժողովի անդամներն անգամ իրավունք չեն ունենա լրագրողներին փոխանցել այդ նիստի մանրամասները: Այսպիսի որոշում ընդունվեց այն պարզ պատճառով, որ նիստերին հրավիրվող գործող եւ նախկին պաշտոնյաները կարող են պետական, ծառայողական եւ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցել հանձնաժողովի անդամներին: Դռնփակ նիստերի մասին պարզապես կտարածվի հաղորդագրություն՝ տեղեկացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Հանձնաժողովի անդամներն այսօր եւս մեկ անգամ ճշտեցին՝ աշխատելու են պարզել համար տեխնիկական եւ անվտանգության խնդիրներ։ Հանձնաժողովի եզրակացությունը հետագայում անգամ չի կարող օգտագործվել քաղաքական նպատակներով:

Քննիչ հանձնաժողովի անդամներն այսօր կազմեցին այն հարցումների ցուցակը եւ բովանդակությունը, որոնց պատասխանները ստանալուց հետո միայն կպարզվի, թե որ պաշտոնյաներին է անհրաժեշտ հրավիրել նիստերին: Լրագրողների հետ զրույցում Կոստանյանը չբացառեց, որ  ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հետ մեկտեղ անհրաժեշտություն կունենան լսելու նաեւ վարչապետին եւ այն դատավորին, որի անունը նշվել է հայտնի գաղտնալսված զրույցում:

Նախկին գաղտնալսումները հիշելու եւ որպես նախադեպ օգտագործելու առաջարկը «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանինն էր: Հիշեցրեց գաղտնալսված մի ձայնագրության հստակ դեպք:

Ի դեպ, այս գաղտնալսման փաստով հարուցվել է քրեական գործ, իրականացվել նախաքննություն եւ հանցանք կատարած անձին չհայտնաբերելու պատճառով քրեական գործի վարույթը կասեցնելու որոշում ընդունվել:

Մինչ քննիչ հանձնաժողովը զբաղված է գաղտնալսումների հարցով, նույն հանձնաժողովի անդամները՝ «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը եւ Հանրապետական նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեցին, որ այլեւս հարցազրույցներ չեն տալու: Չեն հանդուրժում վիրտուալ տիրույթում տիրող մթնոլորտը:

Ալիկ Սարգսյանը երեկ է զգացել ֆեյսբուքյան հարձակման հետեւանքները, երբ փորձել է, իր կարծիքով, կիսվել սոցցանցում:

Ցուցադրել ավելի
Back to top button