Տնտեսական

Կնվազի՞ արդյոք գազի սակագինը

Վարչապետի որոշմամբ՝ կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը  պետք է ուսումնասիրի գազի սակագնի փոփոխության հնարավորությունը: Խմբի աշխատանքը կհամակարգի  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 8 հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են նաև  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարն ու փոխնախարարը,  «Գազպրոմ Արմենիա» ընկերության  ղեկավարները,  ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահը: Տարեվերջին հայկական ու ռուսական կողմերը քննարկելու են  հաջորդ տարվա ընթացքում  գազի սակագնի հարցը: Աշխատանքային խումբը մինչև բանակցությունները պետք է սեղանին դնի իր ուսումնասիրության արդյունքը:

 

Կա՞ արդյոք գազի սակագինն իջեցնելու հնարավորություն: Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը  հերթական ուսումնասիրությունն է անելու և փորձելու է պարզել ՝ որ գործոններն են ու ինչ չափով են ազդում գազի սակագնի ձևավորման վրա:

Այն մասին, որ  նման ուսումնասիրություն սկսվելու է,  վարչապետը տեղեկացրել էր Մոսկվա կատարած իր վերջին այցելությունից անմիջապես հետո:  Մինչև դա, պաշտոնական հանդիպումների ժամանակ  ՌԴ նախագահը հատուկ ընդգծել էր՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում ամենաէժան գնով:

«Ես Ռուսաստանի նախագահին ներկայացրի գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը, ասացի, որ իրականում 150 դոլարով գազ ստանում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունն, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը, դրա հիմքում դրված պայմանագրային բազան ու կանենք հետևություններ»:

Իսկ տեղեկությունը, որ գազը, Ռուսաստանից ամենացածր գնով դուրս գալով, Հայաստանում  սպառողին հասնում է ԱՊՀ տարածքում ամենաբարձր սակագներից մեկով, ըստ Փաշինյանի, Վլադիդմիր Պուտինին զարմացրել էր:

Հենց այս կետում է ռուսական գազի հայկական ֆենոմենը և այն,  ի տարբերություն ՌԴ նախագահի,  Հայաստանի քաղաքացիներին արդեն չի զարմացնում:  Սպառողներին մատակարարվող գազի գինը գրեթե կրկնակի բարձր է սահմանային գնից.  Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով։  Սպառողին այն հասնում է համարյա  290 դոլարով:

Գինն ավելացնում են հարկերը, տեղափոխման, մատակարարման ծախսերը, կորուստները:   Փորձագետները  համոզված են, որ գազի սակագնի նվազման հնարավորությունները հենց այդ միջակայքում են:

«100 տոկոս վերադիրը կամ այն, որ  սահմանի գինը մինչև սպառողին հասնելը կրկնապատկում է,  աբսուրդի ժանրից է». դիտարկումը տնտեսագետ Ատոմ Մարգարյանինն է: Համեմատության համար նա Բելառուսի օրինակն է նշում:  Ի դեպ, թեև ՌԴ նախագահն ասել էր, որ Հայաստանին ամենաէժան գազն է մատակարարվում, բայց Ատոմ Մարգարյանի խոսքով՝ Բելառուսին գազն ավելի էժան է տրվում:

«Բելառուսական սահմանին ռուսական 1000 խորանարդ մետր գազը վաճառվում է 129 դոլարով, սպառողին հասնում է 160-162 դոլարով: Ստացվում է բաշխիչ ցանցը գինն ավելացնում է ընդամենը 20 տոկոսով: Եթե այս տրամաբանությունից ելնենք, Հայաստանում գազը պետք է արժենար 180-190 դոլար, այսինքն 100 դոլարով պակաս, քան այսօր հաստատված սակագինն է»:


Գազի սակագինը հնարավոր է նվազեցնել. պնդում են գազային հանձնաժողովի անդամները

Դեռ 4 տարի առաջ նույն խնդիրն ուսումնասիրում էր  խորհրդարանում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը:  Քննության առարկա  էր ոչ միայն սակագնի, այլ նաև   2011-2013 թթ. գազի դիմաց կուտակված պարտքի հիմնավորվածության հարցը:  Հենց այդ պարտքի պատճառով  2013-ի դեկտեմբերին  Հայաստանի կառավարությունը   «ՀայՌուսգազարդ» -ի կանոնադրական կապիտալում իր  սեփականությունը հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը շուրջ  63, 5 մլրդ դրամով վաճառեց  ռուսական «Գազպրոմ» -ին: Հանձնաժողովը համարյա մեկ տարի աշխատեց, փաստաթղթեր ուսումնասիրեց,  պաշտոնյաների հրավիրեց : Եզրակացության մեջ բազմաթիվ խնդիրներ նշվեցին:

Հանձնաժողովի անդամ, նախորդ գումարման  ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն ասում է՝  իր համար  ուսումնասիրությունը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը: «Ես խնդիր ունեի ապացուցելու, որ գազի գինն ուռճացված է, և հնարավորություն  կա այն իջեցնելու, ինչը արեցի: Իմ հաշվարկներով՝ գազի գինը կարելի է առնվազն 25 տոկոսով կամ 50 դոլարով իջեցնել: Դրա հիմնավորումները հանձնաժողովում ներկայացվել են»:

Գազի գործող սակագինը , ըստ Հայաստանի  և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրում կատարված վերջին փոփոխությունների,   կպահպանվի մինչև 2018թ. ավարտը: Իսկ 2019-ի պայմանները հայկական ու ռուսական կողմերը  քննարկվելու են  նոյեմբերին:  Ենթադրվում է, որ մինչև բանակցությունների մեկնարկը  կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը սեղանին կդնի իր ուսումնասիրության արդյունքը:

Ցուցադրել ավելի
Back to top button