Մշակույթ

«Սասնա ծռեր»-ը՝ Մայր թատրոնի բեմում

Սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնն իր 96-րդ թատերաշրջանը կբացի «Սասնա ծռեր»-ով: Բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով Մայր թատրոնի  բեմում ներկայացնելու  է մեզ ազգային էպոսի վերաբերյալ ի՛ր տեսիլքը: Ալիսա Գևորգյանն այսօր մասնակցել է «Սասնա ծռերի» առաջնախաղին նվիրված ասուլիսին ու դիտել ներկայացման գլխավոր փորձը:

 

Մայր թատրոնի բեմում «Սասնա ծռերի» վերջին շտկումներն են  իրականացնում:   Ներկայացման առաջնախաղը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան. «Մայր թատրոնում առաջին անգամ փորձել ենք բեմ բարձրացնել մեր ազգային էպոսը: Կարծում եմ, որ  հետաքրքիր ներկայացում է ստացվել՝ նոր լուծումներով, սկզբունքներով ու մոտեցումներով: Լիահույս եմ, որ հայ հանդիսատեսն այն կսիր»:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի գնահատմամբ՝ «Սասնա ծռերը» կարելի է համարել երիտասարդական ներկայացում, որովհետև ընդգրկված են Մայր թատրոնի երիտասարդ ուժերը,  իսկ բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով Մայր թատրոնի  բեմում՝ Էլբակյանի բնորոշմամբ,  փորձել է ներկայացնել  ազգային էպոսի վերաբերյալ ի՛ր տեսիլքը: Ինքը՝ «Սասնա ծռերի» սունդուկյանական վարկածի հեղինակը համոզված է.

«Մեր էպոսը յուրաքանչյուրիս մասին է, ու աշխարհում չկա մի հայ, որին չվերաբերի այն պատմությունը, որը փորձելու են պատմել Մայր թատրոնի բեմից»:

«Ներկայացումից բավականություն ստանալու համար էպոսի իմացությունը պարտադիր չէ, բայց ցանկալի է»,-հավելում է երիտասարդ բեմադրիչը: «Սասնա ծռերում» Սասունցի Դավթին կմարմնավորի Խորեն Լևոնյանը, ով արդեն մեկ տարի Մայր թատրոնի դերասանական կազմում է: «Սա նրա առաջին կերպարն է, բայց առջևում լուրջ անելիք ունի թատրոնում»,-ասում է տնօրեն Վարդան Մկրտչյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button