Հասարակություն

Հպարտ եմ, պատիվ ունեմ. թշնամու գնդակից զոհված հայորդու վերջին խոսքերը

Այսօր Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բացվել է  2016թ-ի սեպտեմբերի 25-ին դիպուկահարի գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքարը, որի հեղինակը քանդակագործ Սամվել Սարգսյանն է: Խաչքարն օծվել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանը ապրիլյան քառօրյայի մասնակից էր, գերազանց ծառայության և Արցախի սահմանը  պաշտպանելիս  ցուցաբերած արիության համար մեկ տարի առաջ ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու  պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

 

Արդեն 2 տարի Սևակ Խաչատրյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց բացակա  էլ չէ, նրա ներկայությունն ամենուր է, երբ լսվում է նրա ձայնը,  երգը, երբ հիշում են ու մեծարում՝  զգում նրա կենդանի շունչը:

Արևիկ գյուղում այսօր բացվեց հայրենիքի պաշտպանության համար զոհված, գնդացրային ջոկատի հրամանատար, կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար հուշակոթողը, որի հեղինակը Սամվել Սարգսյանն է. Խաչքարին պատկերված է  երկու խորհրդանշան. մեր բանակի զինանշանն ու մեր հավատքի խաչը:

Հավատքն է  ուժ է տվել զինվորին մինչև վերջին կաթիլը  պայքարելու հանուն հայրենիքի: Սևակը լցված էր մեծ հավատքով: Մայրը՝ Աստղիկը,  պատմում է, որ նա հաճախ էր այցելում եկեղեցի, խաչից՝ զորություն ստանում:

«Հադրութում շատ եկեղեցիներ էր գնում, ասում էր՝ մամ ջան, նկարվեմ ուղարկեմ, դու տես ինչ սիրուն տեղեր են»,- պատմում է:

Սևազգեստ մայրն այսօր ապրում է հիշողություններով, որդին ուսման գերազանցիկ էր:  Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Մայր բուհ:

Հայրը՝ Հովհաննես Խաչատրյանը միշտ էլ հպարտացել է որդու բարձր ընդունակություններով, հայրենասիրությամբ: «Նա ուսման մեջ բացառիկ ընդունակություններ ուներ, որի համար ինքը մարզից ընտրվեց այն աշակերտների ցանկում, որոնք 2014 թվականին եղան նախագահի նստավայրում և պարգևատրվեցին, հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանն»:

Սևակի մտերիմ ընկերոջն այսօր վերապահված էր բարձրացնելու մեր հայրենիքի խորհրդանիշ եռագույնը: Շմանդ Պետրոսյանը դժվարանում է հիշել իրենց մանկության խաղերը, միասին զբաղվել են բռնցքամարտով,  իրենց  ընկերները տարիքով ավելի մեծ էին, նրանցից սովորելու շատ բան ունեին:

Առաջին կուրսից Սևակը զորակոչվել է բանակ, նրա կազմվածքի և առնական տեսքի համար առաջարկվել է ծառայել Պատվո պահակախմբում, սակայն  հրաժարվել է և կամավոր մեկնել Արցախ՝ առաջնագիծ, քանի որ եղբայրը նույնպես առաջնագծում էր:

Սևակն ապրիլյան քառօրյայի մասնակից էր, դիրքերում էր դեռ պատերազմից 2 շաբաթ առաջ, որտեղ մնաց շուրջ չորսուկես ամիս: Քառօրյային մասնակցելու համար պարգևատրվել էր  բանակում գերազանց ծառայության կրծքանշանով: Իսկ ամիսներ անց մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց դիպուկահարի գնդակից:

Նրա կողքին էր զորամասի  հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Զավեն Հունանյանը: Նա է լսել Սևակի վերջին խոսքերը՝ մորս ոչինչ չասեք, հպարտ եմ, պատիվ ունեմ:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր զորակցությունը հայտնեց զոհվածի ընտանիքին և երախտիքի խոսք ասաց. «Այո, այսօր Սևակը վերածնվեց իր հարազատ համայնքում և մենք էլ ունենք մեծ, խորին պարտավորվածություն բոլոր զոհերի առջև։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խաչատրյանների ընտանիքին այսպիսի առյուծասիրտ զավակ մեզ պարգևելու համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button