ԿարևորՀասարակություն

Դատական համակարգն այսօր ավելի պատրաստ է զրպարտության ու վիրավորանքի գործերը քննելուն. Քոչարյան ընտանիքն արդեն 5 հայց է ներկայացրել

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որով փորձում է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը: Հայցադիմում ներկայացնելու առիթը՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանին վերաբերող  հրապարակային հայտարարությունն է: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է  Մարտի 1-ի գործին  և երկրորդ նախագահին վերաբերող դիտարկումներ է արել, որոնք, նրա փաստաբանի կարծիքով, ակնհայտ զրպարտություն են: Սա Քոչարյանների ընտանիքի կողմից վերջին ամիսներին դատարան  ներկայացված  արդեն 5-րդ հայցն է:

 

Քոչարյանների ընտանիքից դատարան ներկայացված վերջին՝ 5-րդ հայցադիմումի պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս առումով գործն աննախադեպ է Հայաստանի դատական պատմության մեջ. առաջին անգամ է, որ երկրի նախկին ղեկավարը դատի է տալիս գործող ղեկավարին:

Հայցը քաղաքացիական է, պահանջը՝  հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելը:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Ռադիոլուրին»  տեղեկացրեց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի  խոսքի  հետևյալ հատվածը.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»»:

Փաստաբանը համոզված է՝ այս արտահայտությունները այլ որակում, քան՝ զրպարտություն ստանալ չեն կարող:

«Այս արտահայտությունը կարդալուց հետո մարդկանց մազերը պետք է բիզ-բիզ կանգնեն, որովհետև խոսքը մի իրավիճակի մասին է, երբ ոչ միայն մեղադրական դատավճիռ չկա, այլ ընդհանրապես նման մեղադրանք չկա»,- ասում է Ալումյանը:

Երկրորդ նախագահը  հրապարակային հերքում և ներողություն է ակնկալում,  փոխհատուցման պահանջ չի դնում: Հայկ Ալումյանն ասում է՝ ոչ միայն  փորձում են զրպարտությունից պաշտպանել երկրորդ նախագահի պատիվն ու արժանապատվությունը , այլ նաև «քաղաքակիրթ բանավեճի ավանդույթ պետք է ձևավորվի՞, թե՞ոչ: Դատարանը  պետք է քննի ու դատական ակտով գնահատի, թե քաղաքակիրթ բանավեճի շրջանակում որքանով է թույլատրելի նման արտահայտությունը: Հուսով եմ ՝ դատարանը ճիշտ որոշում կկայացնի»:

Եվս 2 դատական հայց Ռոբերտ Քոչարյանը  ներկայացրել է  1in.am կայքի դեմ:  Դրանք  վարույթ են ընդունվել հուլիսին, մակագրվել են տարբեր դատավորների: Երկու դեպքում էլ   վիճարկման առիթը կայքում հրապարակված վերլուծական հոդվածներն են  «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներով՝     «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին» և «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրերով հոդվածները։

Ըստ  երկրորդ նախագահի ներկայացուցչի, դրանցում պարունակում են Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև զրպարտության դիմաց վճարել 2 մլն դրամ փոխհատուցում:

Քոչարյանների 4-րդ  հայցը  «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար  Արա Պապյանի դեմ է: Դա­տական հայցի առիթն էլ lragir.am կայքին տված հարցազրույցն է, դրա այն հատվածը, որտեղ Պապյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականու­թյան մասին, անդրադառնում է նաև  նրա որդու հեռախոսներ ներկրելու մենաշնորհին:

«Ռադիոլուրի» հետ զևրույցում Արա Պապյանն ասաց, որ պաշտոնական ծանուցում չի ստացել ու դեռ չգիտի, թե կոնկրետ ինչն է վիճարկվում: «Ես հայցի մասին իմացել եմ լրատվամիջոցների հրապարակումներից, առայժմ պաշտոնական ծանուցում չեմ ստացել: Ստանալուց հետո միայն ինձ համար հստակ կլինի, թե ինչում են ինձ մեղադրում, ըստ դրա էլ կպաշտպանվեմ: Պաշտպանվելու եմ օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններով»:

Արա Պապյանը դատական հայցերի առատությունը բացատրում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է»  բանաձևով: «Պարզապես հակահարձակվում են, համարելով որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Փորձ են անում վախի մթնոլորտ տարածել հասարակության մեջ: Քանի որ իշխանությունները ժողովրդին կոչ են արել գալ, հայտնել հանցագործությունների, օրենքի խախտումների կամ նման փաստերի  մասին, իրենք էլ մի քանիսի դեմ հայցեր ներկայացնելով փորձում են մյուսների աչքը վախեցնել»:

Մի հայց  էլ, բայց արդեն  ընդդեմ ԱԱԾ տնօրենի, ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:  Զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով  սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Այս դեպքում էլ վիճարկվում է  Արթուր Վանեցյանի  այն հայտարարությունը, որը վերաբերում էր   Ռոբերտ Քոչարյանի  և «Կոնգրես» հյուրանոցի կապին:

Բոլոր գործերում ընդհանուրը ոչ միայն դիմող կողմի ազգանունն է, այլ նաև  պահանջը ՝ զրպարտության հերքում, փոխհատուցում : Ուշագրավ է, որ մի քանի  տարի առաջ, երբ  զրպարտության և վիրավորանքի  հոդվածները նոր էին  ապաքրեականացվել,  դատական հայցերի առաջին ու աղմկահարույց ալիքը կրկին ապահովեց  Ռոբերտ Քոչարյանը:

Նրա հայցերը՝ մի քանի լրատվամիջոցների դեմ մինչև հիմս հիշվում են մեծ փոխհատուցումների պահանջով՝ ասում է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:

Նրա դիտարկմամբ՝ դատական համակարգն այսօր ավելի պատրաստ է զրպարտության ու վիրավորանքի գործերը քննելուն, քան մի քանի տարի առաջ: Կան մոտ 100 դատական ակտեր, Վճռաբեկ դատարանի 4 նախադեպային որոշում:  Կարծում է՝ այս դեպքում վճռորոշ լինելու է հանրային շահը:

Ի դեպ, Արա Ղազարյանը նաև միտում է նկատել. պաշտոնյաներն ավելի անզգույշ են դարձել իրենց հայտարարություններում ու հաճախ են խախտում անմեղության կանխավարկածը:

Ցուցադրել ավելի
Back to top button