Հասարակություն

Անապա՝ ամենահայաշատ հանգստավայրերից մեկը

Ծնունդով ապարանցի Նաիրա Հովհաննիսյանն արդեն 20 տարուց ի վեր ապրում է  ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում: Երբ եկավ այստեղ՝ մտածում էր, որ մի քանի տարի անց կվերադառնա  հայրենիք, սակայն ընտանեկան կյանքը   այնպես  դասավորվեց, որ մնաց։

«Ռադիոլուրի»  հետ զրույցում Նաիրան  պատմում է, որ անցած տարիների ընթացքում   երբևէ չի  մտածել հայրենիք վերադառնալու մասին, քանի որ այստեղ աշխատանք ունի, ընտանիքն ապրում է բարվոք պայմաններում, երեխաները ծնվել ու մեծացել են այստեղ:

Այսինքն՝ նրանց որևէ ձգող բան չկար հայրենիքում՝ առավել ևս, երբ աշխատանք գտնելը  շատ դժվար  է:  Սակայն Նաիրան 1 ամիս առաջ եկել էր Հայաստան, պատմում է, որ փոփոխությունները նկատելի են:

Նաիրայի աղջիկը 16 տարեկան է, առաջին անգամ է եղել հայրենիքում, հստակ որոշել է, որ ուսումը Հայաստանում է շարունակելու:

Անապայում հայերը մեծ թիվ են կազմում: Հատկապես թաղամասեր կան, որոնք ամբողջությամբ  բնակեցված են հայերով:  Արագածոտնի մարզի Վարդաբլուրից ժամանած  Մանուկյանների ընտանիքը մոտ 3 տարի է արդեն բնակություն է հաստատել Անապայում:  Եկել են շատ պարզ պատճառով, Հայաստանում  աշխատանք չկա: Իսկ այստեղ աշխատանք ունեն ու չեն դժգոհում վարձատրությունից:  Տիկին Թամարան աշխատում  է խոհարարի օգնական:

Զրուցակիցս  պատմում  է, որ երբ տղան որոշեց մեկնել արտագնա աշխատանքի, իր օրինակը աչքի  առաջ ունենալով, տղային ստիպեց, որ ընտանիքը նույնպես նրա կողքին լինի:

Մոտ 15 օր Անապայում էի ու, կարելի է ասել, 15 բառ ռուսերեն չխոսեցի: Գրեթե  բոլոր սպասարկման կենտրոններում մեր հայրենակիցներն էին աշխատում: Երբ մոտենում ու փորձում էի խոսել ռուսերեն, նրանք հարցիս պատասխանում  էին հայերեն: Հետո արդեն իրենք էին սկսում հարցնել, թե ինչ կատարվում հայրենիքում:

Նրանց հետ խոսք ու զրույցից պարզ է դառնում, որ մեծ հույսեր են կապում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Արդեն մտածում են հայրենիք վերադառնալու մասին: Լիահույս են,  որ մի քանի տարի հետո այստեղ բարձր վարձատրվող աշխատանք գտնելն այդքան դժվար չի լինի:

Back to top button