Քաղաքական

Ինչպես մայրաքաղաքը հանձնեց ստուգարքը


Շատերը գնահատում են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն առաջին ստուգարքն էր քաղաքական փոփոխություններից հետո, ինչը նախորդում է ԱԺ արտահերթ ընտրություններին:

Փորձենք հասկանալ, թե ինչպես մայրաքաղաքը հանձնեց ստուգարքը եւ ինչ խնդիրներ արձանագրվեցին:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները չի վիճարկել որեւէ կուսակցություն: Ընտրողների առավելագույն ձայները հավաքած քաղաքական ուժերը ընդունում են արձանագրված արդյունքը:

Մրցակիցների միջեւ շնորհավորական առաջին ձեռքսեղմումը տեղի ունեցավ առաջին հորիզոնականը զբաղեցրած «Իմ քայլը» եւ երրորդ հորիզոնականի «Լույս» դաշինքների առաջին համարների՝ Հայկ Մարությանի եւ Արտակ Զեյնալյանի միջեւ: Արտակ Զեյնալյանն այցելեց «Իմ քայլը» նախընտրական շտաբ:

Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Հայկ Մարությանին

Ընտրողների ձայների զգալի տարբերությամբ երկրորդ հորիզոնականով ավագանու ընտրությունները հաղթահարած «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես ընդունում է ընտրության արդյունքները: Դեմ են հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցմանը, բայց արդեն շնորհավորել են հաղթողներին: Երեւանի ավագանիում չենք տեսնի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին: Նրանք, սակայն, ընտրության ընթացքը որակեցին իբրեւ առաջին ազատը եւ օրինականը վերջին 23 տարում:

Այժմ դիտորդների օգնությամբ փորձենք հասկանալ, թե որքանո՞վ են այս պնդումները համապատասխանում իրականությանը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ընտրությունների օրը  աշխատել է «Ականատես» դիտորդական առաքելության կազմում: Որոշակի խախտումներ, իհարկե, արձանագրել են:

Մնացած խախտումները, ասենք՝ քարոզչություն, հակաքարոզչություն, դիտորդների ուղղորդում, այս ամենը՝ դիտորդների արձանագրությունների համաձայն եղել են շատ փոքր ծավալի: Դա արձանագրել են նաեւ ՄԻՊ գրասենյակում եւ ոստիկանությունում: Դիտորդներն այս անգամ ուշադրություն են հրավիրում, որ հանգուցյալների քվեարկության դեպքերի չեն հանդիպել:

Այս ընտրություններում փոխվել է նաեւ մարված, այսինքն՝ անվավեր ճանաչված քվեաթերթիկների բովանդակությունը: Մարված քվեաթերթիկների մեջ շատ են «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած թերթիկները: Ընտրողները յուրօրինակ ձեւով են արտահայտել իրենց ընտրությունը:

Քվեաթերթիկում ջնջել են բոլորին կամ խաչ են քաշել բոլորի վրա՝ թողնելով միայն «Իմ քայլը» դաշինքի անվանումը: Ընտրողները չեն օգտագործել ավանդական V-աձեւ նշումը՝ ստորագրելով կամ «սմայլիկներ» դնելով նախընտրած վանդակում: Կան նաեւ լրացուցիչ գրառումների օրինակներ. «Ես սեւ եմ», «Մարդ չկա ընտրելու», «Ընտրում եմ Տարոն Մարգարյանին»:

Ընդամենը մեկ տարի առաջ էր Երեւանի ավագանու ընտրությունը: Այնպես որ՝ նաեւ դիտորդների մոտ են հիշողությունները թարմ՝ համեմատություններ անելու համար: Ասենք՝ ընտրողների մասնակցության առումով: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, նաեւ այս ընտրություններում դիտորդ Լեւոն Բարսեղյանը ուշադրություն դարձրել է այս խնդրին:

Դիտորդների գնահատմամբ՝ մինչեւ հաջորդ ընտրություններ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ընտրական հանձնաժողովների անդամների աշխատանքային որակի բարձրացման վրա: Աշխատել են ազատ եւ հանգիստ պայմաններում, բայց օրենքով նախատեսված բազմաթիվ կարգերի չեն տիրապետել՝ արձանագրել են դիտորդները:

Back to top button