Հասարակություն

Դատախազությունում ուսումնասիրվել է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման
ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի,
հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու
հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության
արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով
օգոստոսի 28-ին աշխատանքային խմբի ստեղծումից ի վեր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 23-ի ժամը 13.00-ի տվյալներով ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք:

Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է
իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների
վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող 29 հրապարակում,
սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում: Արձանագրվել
է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում
ներկայացնելու և ահազանգ կատարելու 89 դեպք: 1 դեպքով ձեռնարկվել է
վարչական վարույթ:

Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր
բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ
կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել են 106-ը: 13 դեպքով
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված
կարգով նախապատրաստվում են նյութեր, իսկ 4 դեպքով հարուցվել է քրեական
գործ՝ բոլորն էլ ընտրակաշառք տալու (առաջարկելու) կամ ընտրակաշատք տալու և
ստանալու առերևույթ հատկանիշներով: Քրեական գործերի նախաքննությունը
հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Առերևույթ իրավախախտումներից 26-ը վերաբերում են քաղաքացու ընտրական
իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն,
4-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 55-ը՝ ընտրողների ցուցակները
կազմելու կարգի խախտմանը, 2-ը՝ կրկնակի քվեարկությանը, 7-ը՝ քվեարկության
գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն,
5-ը՝ այլ:

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ
ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական
իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների
հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների
քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական
գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության
արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի
28-ի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ:

Աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների
վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում
ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ
բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով
օգոստոսի 29-ից Երևանի դատախազությունում գործում է թեժ գիծ՝ 511603
հեռախոսահամարով: Վերջինս սեպտեմբերի 23-ին կգործի շուրջօրյա:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Back to top button