Մշակույթ

Երևանում այսօր մեկնարկեցին Եվրոպական Ժառանգության օրերը

«Եվրոպային ավելի շատ հայկական մշակույթ է անհրաժեշտ»,-Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցած Հայաստանում  Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացմանն այսօր ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:  

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում միջոցառումներն  այս տարի անցկացվում են  «Կիսվելու արվեստը» խորագրով, սեպտեմբերի 22-ին և 23-ին:

Երևանում այսօր մեկնարկեցին Եվրոպական Ժառանգության օրերը: Պաշտոնական բացումը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում էր: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ծրագրում այս տարի ընդգրկված է ավելի քան 100 մշակութային կազմակերպություն: Հուշարձանների  տարածքներում իրականացվելու են գրական-երաժշտական երեկոներ, քննարկում-դասախոսություններ, ինտերակտիվ ծրագրեր, նույնիսկ  աստղադիտում: Հանրության առջև բաց են լինելու պատմամշակութային փակ տարածքների դռները:


«Հայաստանի մշակութային կենտրոնները մեծ  ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են մասնակցում Հայաստանում  Եվրոպական Ժառանգության օրերի շրջանակում իրականացվող միջոցառումներին՝ կարևորելով մշակութային ժառանգության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը և միասնական ուժերով այդ ժառանգությունը պահպանելու, կիսվելու անհրաժեշտությունը: Միասնական մշակութային բացառիկ արժեհամակարգով օժտված մեր ժառանգությունը կարիք ունի հանրահռչակվելու և շուրանակական հոգատարության»:

Մշակույթի նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ ի դեմս պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ում աջակցությամբ Հայաստանում իրականացվում են մշակութային բարձրորակ ծրագրեր: Անդրադառնալով Հայաստանում եվրոպական ժառանգության օրերին, դեսպան Սվիտալսկին իր խոսքում արձանագրեց.

«Եվրոպական Ժառանգության օրերը խորհրդանշում են, որ բոլորս մշակութային մի մեծ ընտանիքի անդամ ենք, ունենք մշակութային ընդհանուր արժեքներ ու ժառանգություն: Այս սրահն (Գաֆեսճյան կենտրոնի «Խանջյան» սրահը,  որտեղ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ ստեղծագործությունն է) ինքնին փաստում է, թե Հայաստանն ինչ մեծ ներդրում է ունեցել եվրոպական մշակութային ժառանգության մեջ: Հայերը կարող են հպարտանալ իրենց մշակույթով,  ինքնությամբ, ժառանգությամբ: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի եվրոպական մշակութային ժառանգությունը տեսանելի լինի»:


Պյոտր Սվիտալսկին եզրափակեց խոսքով. «Եվրոպային ավելի շատ հայկական մշակույթ է անհրաժեշտ»:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են  ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած   եվրոպական 50 երկրներում: Նրանց թվում է նաև Հայաստանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button