Տնտեսական

Օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է երկնիշ անկում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա տնտեսական աճի ցուցանիշերն ու արձանագրել՝ հունվար-օգոստոսին նախորդ հունվար-օգոստոսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7 տոկոսով բարձր է:

Բայց կա մի մեծ բայց: Օգոստոսին նախորդ օգոստոսի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է, ու կրճատվել ընդհուպ մինեւ 16.7 տոկոսով:

Ինչու է ստեղծվել այս պատկերն ու արդյոք այս տարի գյուղմթերքի բարձր գների պատճառը միայն ոորտի անկումն է:

Ամառն ավարտվեց, բայց սպառողն այդպես էլ չկարողացավ առատ միրգ-բանջարեղենի սեզոնին առատ միրգ-բանջարեղեն գնել: Փոխարենն առատ էր զարմանքն ու դժգոհությունը՝ կապված գյուղմթերքի բարձր գների հետ: Վիճակագիրներն էլ չուշացան արձանագրել՝ միայն օգոստոսին՝ մրգի ու բանջարեղենի ամենաառատ ամսում, 5.4 տոկոս գնաճ ենք ունեցել:

Ունենալով սպառման բարձր տեսակարար կշիռ՝ այս ապրանքախմբում թանկացումն ընդհանուր գնաճի վրա ազդեց 0.4 տոկոսով: Գյուղմթերքի գների կտրուկ աճին զուգահեռ՝ նույնքան կտրուկ էլ գյուղատնտեսության անկումն է՝ այս օգոստոսին նախորդի համեմատ ընդհուպ մինչեւ 16.7 տոկոսով: Վիճակագրական թվերից մի դրվագ:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի օգոստոսին 2017-ի օգոստոսի համեմատ 0.6 տոկոս է: Հիմնական աճն ապահովել են ծառայությունների ոլորտը՝ 20  տոկոս, առևտուրը՝ մոտ 15 տոկոս, արդյունաբերությունը՝ 5.4 տոկոս: Անկում կա միայն գյուղատնտեսության ոլորտում՝ այն էլ երկնիշ»:

Արդյոք գյուղմթերքի բարձր գները միայն ոլորտի անկման հետեւանքն են, ի վերջո՝ ինչու ոլորտն այս տարի այս պատկերն արձանագրեց: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը վստահ է՝ սա նախորդ 10-15 տարվա ներկա պատկերն է: Ինստիտուցիոնալ զարգացումների բացակայությունն ու կոսմետիկ լուծումները հենց սրան պետք է հանգեցնեին: Խնդիրների լուծմանն ուղղված գումարների մի մասը ճանապարհին կորավ, բերքի մի մասն էլ շարունակում է կորչել:

Բացառիկ հաջողություններից էր ջերմոցային տնտեսությունների զարգացումը սուբսիդիաների միջոցով եւ կաթիլային ոռոգման որոշակի տեխնոլոգիաների որոշակի կիրառումը: Բայց խնդիրներն ու ռիսկերն այնքան շատ են, որ միայն դրանց թվարկումն արդեն երկար է տեւում: Գագիկ Մակարյան:

Մակարյանը հարցին այլ կողմից էլ է մոտենում: Ոլորտում անկումն ավելի բարձր է, քանի որ վիճակագրությունն էլ ավելի անկեղծ է: Նախկինում թվերն էլ էին, զրուցակցիս ձեւակերպմամբ, գունավորվում: Գյուղոլորտում թվերը միշտ էլ մտահոգիչ են եղել՝ համոզված է:

Գյուղվարկերի տույժ ու տուգանքների համաներումը գուցե որոշակիորեն փոխի պատկերը, բայց արմատապես՝ ոչ: Խնդիրները կային նախորդ տարիներին էլ, ինչու այս տարի գյութմթերքի գներն այսքան բարձրացան: Մակարյանը մատնանշում է մի քանի պատճառ: Բերքն պակաս էր, որոշակիորեն աճել է նաեւ սպառումը, արտահանման ավելի մեծ հնարավորություններ կան: Բայց կա ավելի լուրջ պատճառ էլ:

« Կա ավելի գլոբալ պատճառ՝ հարկման մեխանիզմի փոփոխությունը»:

Զրուցակիցս լուրջ հույսեր չունի, որ եկող տարի պատկերն ավելի բարվոք է լինելու: Սպասել սպառողին հարմար գների՝ առանց գյուղացուն արմատական օժանդակություն ցույց տալու, մեղմ ասած, անիրատեսական է:

Back to top button