ԿարևորՔաղաքական

Ինչու տեղի չունեցան լիարժեք դեբատներ


Քարոզարշավի 12 օրերի ընթացքում ընտրարշավի մասնակից ուժերի  միջև բանավեճ՝ ժանրի դասական կանոններով,  չկայացավ: Թեկնածուներն ու նրանց թիմերը թեև  հեռակա սուր բանավեճի մեջ մտան, բայց չկարողացան  միասին, մեկ տեղում ու նույն օրակարգով քննարկում ծավալել:

Միակ փորձը Հանրային հեռուսատընկերությանն էր, որը, սակայն լիարժեք չէր, քանի որ դեբատներին մասնակցել են ոչ բոլոր ուժերը:

Ի՞նչը խանգարեց ընտրությունների մասնակից ուժերին նախընտրական լիարժեք բանավեճերի մասնակից դառնալ,  ինչո՞ւ այս անգամ էլ նախընտրական դեբատները չկայացան:

 

 

Այսօր երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում բանավիճելու են Երևանի ավագանու արտահերթ ընտրություն­ներին մասնակցող քաղա­քական ուժերի քաղաքապետերի թեկնածուները: Հրավեր ստացել են բոլորը, դեբատին, սակայն,  որն արդեն տեսանկարահանվել է,  մասնակցել են 12 ուժերից 8-ը՝ «Ռադիոլուրին» փոխանցեց «Խաղի կանոններ» հաղորդման հեղինակ և վարող Արմեն Դուլյանը:

Նրա փոխանցմամբ՝  «Երկիր ծիրանի»-ն ու «Ռեֆորմիստները» չեն մասնակցել  առանց բացատրության, ԺՈՒԿ-ը՝ հարգելի պատճառով, իսկ  ԲՀԿ ցուցակի առաջին համարը ՝ հրապարակայնորեն հնչեցրած իր  հայտնի նախապայմանով: Նաիրա Զոհրաբյանը  քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ ասել էր, որ 12 թեկնածուների բանավեճն անարդյունավետ ձևաչափ է համարում, չի կարծում, որ երևանցուն այդ քննարկումն իսկապես կողմոնորշելու է:  Զոհրաբյանը դեբատների իր նախապայմանն էր  առաջարկել՝ բանավիճելու թեմաներ ունի թեկնածուներից միայն մեկի հետ:

«Ինչո՞ւ  միայն Հայկ Մարությանի հետ, որովհետև ուրիշ ոչ մի ուժ սևերի ու սպիտակների մասին չի խոսել, որևէ այլ ուժ չի ասել՝ մեր դեմ խաղ չկա: Ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես և միմիայն «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ»:

Ի պատասխան Հայկ Մարությանն ասել էր, թե չի ցանկանում որևէ մեկին առանձնացնել  և պատրաստ է բանավիճել, բայց՝  բոլոր թեկնածուների հետ:

«Ես ունեմ 11 օպոնենտ, ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել, որևէ մեկին չեմ ուզում առավելություն տալ»:

Ի դեպ, ԲՀԿ ցուցակի առաջնորդը մի նախապայմանի  մասին էլ էր խոսել.  Չգրված կանոն է՝ դեբատները  պետք է ընթանան ուղիղ եթերում: Նաիրա Զոհրաբյանը տեսանկարահանված բանավեճը աբսուրդ էր որակել:

«Ես չեմ պատկերացնում տեսանկարահանված դբատ, սա վիրավորանք է ընտրության մասնակից յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ»:

Վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը համաձայն է Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, որ նախընտրական դեբատների հիմնական առավելությունը դրանց ուղիղ հեռարձակմամբ ընթացքն է: Այս առումով, կարծում է, որ կազմակերպված միակ բանավեճը այդ իսնտիտուտից իրական ակնկալիքնը չի արդարացնում:

«Սա այն դեպքն է, որ ավելի լավ էր փորձ չլիներ, քանի կիսափորձ լիներ, որովհերտև եթե ոչ բոլոր թեկնածուներն են մասնակցում  արդեն անհավասար պայմաններ են, երկրորդն էլ ՝ Նաիրա Զոհրաբյանն այս կետում ճիշտ է. դեբատների ամբողջ հմայնքը դրանց ուղիղ եթերում ընթանալն է»:

Արմեն Բաղդարասյանն արձանագրում է. այնքան էլ լավ չէ, որ իրական բանավեճը՝  ժանրի կանոններով այս անգամ էլ չկայացավ: Պատճառները, կարծում է,    ընտրությունների քաղաքական ենթատեքստում են:

«Այս ընտրություններում, թեև սրանք Երևանի քաղաքապետի ընտրություններ են, բայց կոնկետ Երևանի ապագա քաղաքապետի անձը երկրորդ պլանում էր: Բուն խնդիրը շատ ավելի լուրջ էր, շատ ավելի քաղաքական՝ միտված ապագա խորհրդարանական ընտրություններին և ընդհանարապես Հայաստանի ներքաղաքական վիճակի հեռանկարին»:

Ակնկալիքը, որ կար այս ընտրությունների նախաշեմին, թե տեսնելու ենք իրական ու դասական դեբատներ, թերևս հետաձգվում է մինչև  հաջորդ ընտրություններ:

Back to top button