Հասարակություն

Պարգեւատրման արարողություն՝ նախագահի նստավայրում

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը 4 –րդ վիրահատությունից հետ բավականին լավ է զգում իրեն։ Թեկուզ դժվարությամբ, բայց այսօր եկել էր նախագահական նստավայր: Ու մինչ կմեկնարկեր պաշտոնական արարողությունը՝  սկսում եմ զրուցել Հովհաննեսի հետ: Չենք անդրադառնում ապրիլյան դժվար օրերին, այլ խոսում ենք ապագայի մասին:

Հովհաննեսը 2016-ի ապրիլի 3-ին վիրավորվեց ոտքից Թալիշում, հետո կրկին դիրքեր բարձրացավ: Մայիսի 13-ին գանգուղեղային վնասվածք ստացավ, որն անմիջական կապ ուներ  խոսքի և հիշողության հետ։ Հովհաննեսն ասում է, որ չի հանձնվում, մասնագետների օգնությամբ եւ ինքնուրույն փորձում է զարգացնել  խոսքը։ Մեր զրույցը ընդհատվում է, քանի որ մեկնարկում է  արդեն պաշտոնական արարողությունը՝ նվիրված Հայաստանի Անկախության 27- ամյակին:

Մոտ 40 զինվորականներ՝ բարձրաստիճան սպաներ, շարքայիններ, ազատամարտիկներ, ոստիկանության աշխատակիցներ Անկախության տոնի առթիվ պարգևատրվում են  ծառայության ընթացքում  ցուցաբերած  խիզախության ու նվիրումի համար:

Հանկարծ հնչում է պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Էդուարդի  Պողոսյանի անունը։ Նա պարգևատրվում է Արիության մեդալով: Դահլիճը մեկ մարդու պես ոտքի է  կանգնում

Դահլիճը մեկ անգամ  էլ  ոտքի կանգնեց, երբ հետմահու պարգևների արժանացան շարքային զինծառայողներ՝  Արթուր Կոշտոյանն  ու  Հովհաննես Իկիկիյանը։ Պարգևները ստանում են  նրանց հարազատները:

«Անկախության անցած տարիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Ժամանակն ու երկրի զարգացման հեռանկարները պահանջում են պատմության վերընթերցում, նոր գաղափարների առաջադրում, նոր արժեքների ստեղծում՝ արդեն դիմելով ներկաներին ասում է  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասում է, որ Հայաստանի անկախությունը որևէ կերպ չի կարող տուժել քաղաքական փոփոխություններից։ Ավելին, այդ վայրիվերումներն ամրապնդում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button