Հասարակություն

Փողոցային առեւտրի խնդիրը՝ ըստ երեւանյան ընտրություններում պայքարող քաղաքական ուժերի

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրը «Ռադիոլուր»-ն անդարադարձել է մայրաքաղաքում փողոցային առեւտրի խնդրին:

Նախընտրական ծրագրերում ի՞նչ առաջարկներ են ներկայացնում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ փողոցային առեւտրի հետ կապված խնդիրները լուծելու եւ կանոնակարգելու համար:

 

Փողոցային առեւտուրը լավ կյանքից չի գալիս՝ մեզ հետ զրույցում այսօր ասաց «Հայք» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը:

Հայք կուսակցությունն ասել եւ ասում է, որ պետք է պատճառների մասին խոսել ու պատճառները վերացնել՝ հավելեց Գեւորգ Հովսեփյանը: Նրա խոսքով՝ պետք չեն առանձին ծրագրեր, ասենք, փողոցային առեւտուրը վերացնելու համար:

Ռեֆորմիստների կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նույնպես կարծում է, որ փողոցային առեւտրի խնդրի արմատները շատ խորն են եւ հարցին լուծումներ տալը միանգամից՝ դժվար է:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահը կարծում է, որ փողոցային առեւտուրն արգելելու կտրուկ քայլերը ճիշտ չեն, սակայն, միաժամանակ հավելում, որ ամեն ինչ պետք է քաղաքակիրթ ձեւով արվի:

Սա փողոցային առեւտրի մասին՝ ընդհանրապես: Ինչ վերաբերում է փողոցում սննդամթերք, միրգ ու բանջարեղեն վաճառելուն, ապա, ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետիսյանի խոսքով, այդ երեւույթը որոշակի չափով խստություն պահանջում է:

Արտակ Ավետյանը նկատեց, որ տարբեր երկրներում խնդրի նկատմամբ տարբեր մոտեցումներ են որդեգրում՝ սկսած շաբաթ-կիրակի օրերին կազմակերպվող տոնավաճառներից, որոնք հատուկ են եվրոպական երկրներին, մինչեւ՝ փողոցային անհարմարություններ. ոչ բարենպաստ սանիտարահիգիենիկ վիճակ ստեղծող, ոչ քաղաքակիրթ ձեւով առեւտրի հանդուրժում, ինչպես, օրինակ, արաբական երկրներում:

Ռեֆորմիստների կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասում է, որ իրենք մտադիր չեն այս հարցում հետեւել որեւէ երկրի օրինակին, այլ ստեղծելու են իրենց տարբերակը եւ համոզված է դրանում:

Մայրաքաղաքն ի վերջո մարդկանց ապրելու համար է՝ այս միտքը հատկապես շեշտադրվում է  ՕԵԿ-ի ավագանու թեկնածուների նախընտրական քարոզարշավների ժամանակ: Կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը համոզված է, որ իրենց առաջարկած «խելացի քաղաքի» գաղափարը կհանգեցնի բազմաթիվ խնդիրների լուծման:

Հայք կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Հովսեփյանն էլ կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանը պետք է լինի հոգատար յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ եւ եթե դա չկա, ապա որեւէ հարց չի լուծվի, քանի որ մարդն իրեն անպաշտպան է զգում բոլոր ոլորտներում:

Back to top button