Հասարակություն

Վրացական դպրոցներում այսուհետ կարող են բացվել հայ-վրացական դասարաններ


«Հայոց լեզուն և գրականությունը Բաթումիում դարձել է պետական ծրագիր»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: 

Անդրադառնալով նոր ուսումնական տարում վրացական դպրոցում հայ-վրացական դասարանի բացմանը, նա ասել է, որ ամեն ինչ արվում է, որ այն հաջողվի՝ օրինակ ծառայելով մյուս դպրոցներին, հատկապես, որ Վրաստանի ԿԳՆ-ի նոր որոշմամբ, այսուհետ վրացալեզու դպրոցներում կարող են բացվել նմանատիպ դասարաններ։

Թեմի կողմից նաև տրանսպորտային միջոց է տրամադրվել, որը երեխաներին ամեն օր տնից դպրոց, դպրոցից տուն է տանելու:

Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում, որտեղ հայկական (թվով երեք) դպրոցները փակվելուց հետո մի քանի տարի է աշակերտներ չունենալու պատճառով փակվեց նաև հայկական վերջին բաժինը, այս տարի աննախադեպ ծրագիր է մեկնարկում։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 17-ին քաղաքի թիվ 4 վրացական դպրոցում հանդիսավորությամբ բացվեց հայ-վրացական  առաջին դասարանը։ Դա նշանակում է երկրի վրացալեզու դպրոցում ամեն օր աշակերտները պարտադիր կերպով կուսումնասիրեն նաև հայոց լեզու և գրականություն առարկաները։


«Մենք կարողացանք հայոց լեզուն ու գրականությունը դարձնել պետական ծրագիր։ Վրաց –հայկական դասարանի այս ձևաչափը իդեալական տարբերակն է, որ մեր երեխաները կատարյալ տիրապետեն պետական և մայրենի լեզուներին»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը՝ հույս հայտնելով, որ իրենք Մանթաշյանցի անվան կենտրոնի նախակրթարանի սաների հոսքի օգնությամբ նաև կկարողանան ամեն տարի բացել ու մինչև 12-րդ դասարան պահպանել այս ծրագիրը։

Բաթումիի հովվության նախաձեռնությամբ, հայ-վրացական դասարանի սաները դպրոց կհաճախեն և կվերադառնան տրամադրված տրանսպորտային միջոցով, դասերից հետո հնարավորություն կունենան ուսուցիչների օգնությամբ դպրոցում կատարել տնային առաջադրանքները:

Աջարիայում այսօր ապրում է մոտ 10 հազար հայ, որոնցից 8 հազարը` Բաթումիում: Հայերն այստեղ հիմնականում ռուսական կրթություն ունեն, լավ չեն տիրապետում մայրենիին ու պետական լեզվին: Իսկ ծրագրի գործարկումը նպատակ ունի  լուծում տալ այս հարցերին:

«Սա ինտեգրման շատ կարևոր ծրագիր է, որ մեր երեխաները լեզվի միջոցով ինտեգրվեն վրաց հասարակությունում։ Ուրախ ենք, որ կառավարությունը հիասքանչ օրինակ ընձեռեց մեզ, որը կատարյալ հնարավորություն է վրացերեն կրթության հիմքի վրա ուսանել նաև մայրենի լեզու ու գրականություն․ հայերենը մեր համայնքի համար պիտի լինի մայրենի լեզու, երկու մայրենի լեզու՝ վրացերենն ու հայերենը»

Բաթումիի հովվության նախաձեռնությամբ իրականություն դարձած նախագիծը կարող է վարակիչ դառնալ բազմաթիվ ծնողների համար, ովքեր այսուհետ կարող են դիմել նմանատիպ դասարաններ բացելու առաջարկությամբ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու դպրոցներում ուսումնական նյութերի ներդրման փորձագետ Կարինե Մանուկյանը ասաց, որ օրեր առաջ է նախարարը համապատասխան որոշումը կայացրել․

«Նախարարի վերջին օրերին ստորագրած հրամանի համաձայն, վրացալեզու դպրոցներում, որտեղ կան ազգային փոքրամասնություններ, ծնողների առաջարկով դպրոցը պարտավորվում է հայերեն կամ ադրբեջաներեն լեզվով դասընթացներ կազմակերպել»։


Այս շաբաթվա սկզբին Վրաստանում մեկնարկած նոր ուսումնական տարում բազմաթիվ փոփոխություններ ու նորամուծություններ կան, որոնք վերաբերում են նաև ոչ վրացալեզու՝ հայկական ու ադրբեջանական դպրոցներին։

Վրաստանի ողջ տարածքում իր դռներն է բացել 129 հայկական դպրոց: Ներկայումս Վրաստանի ԿԳՆ-ն աշխատում է երկրի հայկական ու ադրբեջանական դպրոցների/բաժինների մայրենի լեզվի և գրականության 1-9-րդ դասարանների չափորոշիչների և ուսումնական ծրագրերի ստեղծման շուրջ։

Back to top button