Քաղաքական

Քրդստանում խորհրդարանական ընտրություններին 6 հայ է մասնակցում


Հյուսիսային Իրաքում՝ Քրդստանում, սեպտեմբերի 30-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

Մի շարք կուսակցություններ են պայքարում պատգամավորական աթոռների համար, բայց հիմնական ընտրապայքարն ընթանալու է Բարզանի եւ Թալաբանի ընտանիքների միջեւ, ինչպես եղել է տարիներ շարունակ:

Հայ համայնքի 6 ներկայացուցիչ նույնպես մասնակցում է ընտրություններին: «Ռադիոլուրը» զրուցել է պատգամավորի թեկնածու, Գեւորգյան ճեմարանի շրջանավարտ Էդգար Աբրահամյանի հետ։

Սեպտեմբերի 11-ից Հյուսիսային Իրաքում մեկնարկել է ակտիվ քարոզարշավը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 28-ը: Ընտրապայքարին մասնակցում են ինչպես ավանդական երկու ընտանիքների՝ Բարզանիների՝ դեմոկրատական  եւ Թալաբանիների՝ազգային միություն կուսակցությունները, այնպես էլ նորաստեղծ քաղաքական ուժեր: Հյուսիսային Իրաքի Զախո քաղաքի բնակիչներից իրավաբան Էդգար Աբրահամյանը, վերլուծելով քարոզարշավի անցած օրերը, ընտրողների հետ հանդիպումները թեժ ընտրապայքար է կանխատեսում Թալբանիների եւ Բարզանիների միջեւ:

«Ընտրապայքարում կան շատ կուսակցություններ: Երկու կուսակցությունների միջեւ ընտրապայքարը թեժ է լինելու, հաստատ»:

Ըստ Էդգար Աբրահամյանի, Բարզանիները լիահույս են, որ այս խորհրդարանում կրկին կունենան մեծամասնություն, քանի որ ընտրողները, չնայած վերջին շրջանում երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանը, շարունակում են վստահել Բարզանի ընտանիքը ներկայացնող 72- ամյա դեմոկրատական կուսակցությանը։ Մեր հայրենակցի տեղեկացմամբ, 111 պատգամավորական տեղից մեկը, ըստ գլխավոր օրենքի,  տրամադրվում է հայ համայնքին։

Այդ տեղի համար էլ այսօր պայքարում է 6 հայ թեկնածու. «6-ը հոգին շատ են, քանի որ նախկին պատգավորը պետք է չմասնակցեր, իսկ մյուսներն անգամ հայերեն չգիտեն խոսել, եւ գրել: Նախկին պատգամավորը ոչինչ չարեց համայնքի համար, միայն կերավ, խմեց վայելեց, իր ընտանիքին ծառայեց»:

Էդգար Աբրահամյանը նշում է, որ Քրդստանում հայ համայնքի մեծագույն խնդիրը հայապահպանությունն է։

«Երիտասարդներն անգործ են, սա իմ նախընտրական ծրագրի առաջին կետն է: Ես լավ հարաբերութուններ ունեմ Բարզանի ընտանիքի անդամների, քրդական քաղաքական գործիչների հետ եւ կարող եմ այդ ամենը կյանքի կոչել: Ցանկանում եմ հայերեն սովորեցնել, դասախոսություններ կարդալ, ավետարանի մասին բացատրություններ ներկայացնել»

Ըստ ընտրական կանոնակարգի, հայ համայնքի ներկայացուցիչը խորհրդարանում անկախ  պատգամավոր է, բայց ներկայացնում է որեւէ քաղաքական ուժ: Հայ համայնքի ներկայացուցչի ընտրության համար քվեարկում են ոչ միայն հայերը. «750-800 հայ ունի ընտրելու իրավունք, ու խորհրդարանի անդամ կլինի այն թեկնածուն ով կստնա թեկուզ մեկ քվե ավելին, քան մյուսը: Տոկոսային շեմ չկա»:

Ընտրություններին մնացել են հաշված օրեր: Էդգար Աբրահամյանը մեծամտություն է համարում իր շանսերից խոսելը։ Նա վստահ է, որ այս ընտրություններում պետք է ընտրվի համայնքը ներկայացնող այն ներկայացուցիչը, որը խորհրդարանում աթոռ չի զբաղեցնի անձնական հարցերը լուծելու համար, այլ ձեռնամուխ կլինի փոքրաթիվ համայնքի հոգսերի լուծմանը:

Back to top button