Հասարակություն

Ինչ են առաջարկում քաղքական ուժերը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Որքանո՞վ է մայրաքաղաքը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվելու համար եւ ի՞նչ ծրագրեր են առաջարկում այս ուղղությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը:

Այս թեման մրցապայքարի դուրս եկած ուժերի հետ այսօր քննարկվել է երեւանյան մամուլի ակումբներից մեկում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի ավագանու թեկնածուները կարծիք են հայտնել, թե այդ ուղղությամբ մայրաքաղաքում ինչ արվել է չի համապատասխանում ստանդարտներին, Երեւանը հարմարեցված չէ, ապա ներկայացրել իրենց առաջարկները:

«Երեւանի հանրություն» դաշինքը քննարկումների արդյունքում մշակել է ծրագիր, որը մի քանի ուղղություններ ունի: Ըստ Երեւանի հանրություն դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Արմինե Դավթյանի՝  առանցքում այն է, որ Երեւան քաղաքաքը պետք է ապահովի պայմաններ բոլոր քաղաքացիների համար անխտիր:

Պարզապես պետք է քաղաքապետարանը ներգրավի անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները եւ պետական պատվերի նախագիծը տա, որով կառուցվելու կամ հարմարեցվելու են նման  համակարգեր՝ ասաց «Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածուն:

«Իմ քայլը» դաշինքից Եվա Թովմասյանը շեշտեց, որ իրենք ներառականությունը չեն դիտարկում զուտ որպես տեխնիկական պահանջ, որը պետք է կատարել, երբ խոսվում է քաղաքի հարմարեցվածության մասին:

ՕԵԿ-ից ավագանու թեկնածու Աշոտ Ամիրզադյանը վստահեցրեց, որ իրենք ծրագրում բավականին տեղ հատկացրել են հաշմանդամ քաղաքացիների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձեւավորման խնդիրներին: Առաջարկում են նաեւ այդ մասով նոր օրենսդրական դաշտ ստեղծել, քանի որ, ըստ նրա, նախկին օրենսդրությունն ունի բժշկական ուղղվածություն եւ իրենք առաջարկում են այն առավել սոցիալականացնել:

Ռեֆորմիստների կուսակցության ավագանու թեկնածու Գրետա Հովհաննիսյանը շեշտադրեց ներառական կրթության կարեւորությունը:

Հենց մանկապարտեզից երեխաները պետք է հասկանան խնդրի առկայությունն ու կարեւորությունը՝ ասաց ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչը:

ՀՅԴ ներկայացուցիչ Ալեսիա Բեջանյանի խոսքով՝ բոլորն էլ ցանկանում են, որ քաղաքը հարմարավետ լինի եւ ծրագրերում ներառել են խնդիրը:

«Լույս» դաշինքում մտադիր են, քաղաքաշինական նորմերի մշակումից սկսած, նոր եւ հիմնանորոգման աշխատանքները, որոնք Երեւանում կարվեն, խստագույնս պահպանել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների սկզբունքըը: Չենք բավարարվի միայն թեքահարթակ կառուցելով՝ ասաց Սերյոժա Օհանջանյանը:   

«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներից Անժելա Խաչատրյանը նույնպես առաջնային համարեց հաշմանդամություն ունեցող անձանց՝ Երեւանում տեղաշարժվելու հնարավորությունների խնդիրը:

Դրա պատճառները շատ են՝ ասաց ավագանու թեկնածուն: Նա, նշելով, որ մասնագիտությամբ պրոֆեսիոնալ քաղաքաշինարար է,  ավարտել է Փարիզում, փարիզյան համալսարանի քաղաքաշինության դոկտոր է, ասաց, որ Երեւանի թեքահարթակները կառուցված են եվրոպական ստանդարտներով, մինչդեռ՝ մեր մայթերն ավելի բարձր են: Հենց այստեղից էլ բխում են անհարմարությունները: Ավագանու թեկնածուն շեշտեց, որ առաջարկներ ունեն, որոնք մանրամասնություններով ներկայացված են իրենց նախընտրական ծրագրում:

Back to top button