Հասարակություն

Yerevan Today-ն առաջինն է տեղադրել Վանեցյան-Խաչատրյան ձայնագրությունը, կարճ ժամանակ անց ջնջել այն

ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է Yerevan Today լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ըստ Google որոնողական համակարգի՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ:

Լրատվական կայքի խմբագրությունում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են թվով մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչ՝ դրանցում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։

Նշվում է, որ խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է՝ ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեում Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում:

Այդ թվում՝ իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը:

Ավելի վաղ, Yerevan Today-ի խմբագիրն ասել է, թե կայքում տեղադրվել է ձայնագրության սղագրությունը դրա՝ համացանցում շրջանառվելուց միայն ժամեր անց:

Back to top button