ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզների թեման՝ քաղաքական ուժերի բարեփոխումների ծրագրերում


Մայրաքաղաքի ցավոտ խնդիրներից են նաեւ նախակրթական հաստատությունները։ Ռադիոլուրը մեկտեղել է այստեղ քաղաքական ուժերի բարեփոխումների ծրագիրները:

Կուսակցություններն ու դաշինքները բարձրաձայնում են մայրաքաղաքում  առկա  խնդիրներն ու երևանցիներին ներկայացնում դրանց լուծման  իրենց տեսլականը: Այս անգամ անդրադառնում ենք նախակրթական ոլորտի՝ մանկապարտեզների խնդրին:

«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու  Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ  հետխորհրդային տարիներին  կատարած սխալ որոշման պտուղներն այսօր ենք համտեսում: Սեփականաշնորհվեցին մանկապարտեզները և  այսօր բուհ ընդունվելն ավելի դյուրին է, քան՝ մանկապարտեզ, ասում է.

«Խնդիր է առաջանում նոր մանկապարտեզների կառուցման և երեխաների մանկապարտեզային կրթությունը կազմակերպելու: Մասնավոր կառույցների առկայությունը խրախուսելի է, բայց միանշանակ քաղաքային իշխանությունը պետք է համատեղ  այդ խնդիրները լուծել»:    

«Օրինաց երկիր» կուսակցությունը, ըստ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանի, ի սկզբանե դեմ էր մանկապարտեզների սեփականաշնորհման գործընթացին, իրենց ջանքերի շնորհիվ էր, որ սեփականաշնորհման ծրագիրը կասեցվեց՝ ասում է քաղաքապետի թեկնածուն: Մանկապարտեզների ոլորտում ՕԵԿ-ն առաջարկում է աշխարհում ընդունված փորձը: Մայրական դպրոցների ու մանկապարտեզների ուսուցման և դաստիարակության նոր մեթոդաբանություն և նոր մոտեցումներ իրականացնել, որոնք ընդլայնում են երեխայի մտահորիզոնը:

«Մենք պետք է աշխատենք  մանկապարտեզների թիվն ավելացնելու համար: Երկրորդ՝ մանկապարտեզները պետք է լինեն անվճար»:

Անվճար մանկապարտեզները պետք է շարունակեն գործել և դրանց թիվը պետք է ավելացնել, հերթերից խուսափելու համար:  Սա էլ «Երկիր Ծիրանի» կուսակցության  տեսլականն է:

«Մանկապարտեզները շարունակելու են մնալ անվճար: Եվ դրա հետ մեկտեղ մանկապարտեզների քանակն ավելանալու է հենց այն շինությունների հաշվին, որոնք Երևան քաղաքի սեփականությունն են»:

Նախատեսել են քաղաքապետարանի ունեցած  գույքը վերակառուցել և դրանք ծառայեցնել մանկապարտեզների  համար:

«Հայք»  կուսակցության քաղաքապետի թեկնածու  Գևորգ Հովսեփյանի դիտարկմամբ՝ մանկապարտեզները պետք է լինեն քաղաքապետարանի հոգածության ներքո: Պետք է վերանայել դրանց տրամադրվող  բյուջեն, վերականգնել հերթափոխերն ու բարձրացնել սննդի որակը: «Հայք» կուսակցությունը մեկ այլ առաջարկ ևս ունի:

«Մանկապարտեզում պետք է դրվի հայկականության շունչը. մեր լեզվի նկատմամբ հարգանքը, լեզվի ուսուցման հետ կապված խնդիրները, մեր պատմության այս կամ այն էջերը: Պետք է երեխաներին մանկապարտեզից սկսած ծանոթացնել մեր ինքնությանը»: 

Մանկապարտեզների քանակը վերականգնել է առաջարկում նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը: Արթուր Գասպարյանի խոսքով՝ անհրաժեշտ են կառուցել նորերը, վերանորոգել ու շահագործել հին մասնաշենքերը:

«Հարկավոր է մանկապարտեզների դաստիարակների որակավորումը  և աշխատավարձը բարձրացնել, որովհետև այսօր մանկապարտեզի դանակները չնչին աշխատավարձ են ստանում և ստիպված են նայել ծնողների ձեռքին»:

Չկա մի ոլորտ, որտեղ կա խնդիրները լուծելու բարդություն, ասում է «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Դրա համար պետք են մասնագիտական  ունակություններ, կարողություն ու  ցանկություն: Իսկ այդ ռեսուրսը կա, ասում է Զուրաբյանը:

«Այդ ցանկությունների և մասնագիտական կարողությունների պարագայում բոլոր հարցերը միշտ լուծում ունեն: Անհրաժեշտ է ցանկություն, դրանց իրականացման համար համապատասխան մարդկանց առկայությունը, որոնք տիրապետում են  խնդրին և գիտեն լուծումները»:

Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքի  ավագանու թեկնածու — Արմինե Դավթյանն ինքն է մշակել մանկապարտեզների բարեփոխումների ծրագիրը և նախորդ թեկնածուների առաջարկած լուծումներին ավելացնում է մասնավոր մանկապարտեզների հետ զարգացման համագործակցության ծրագիրը:

«Եթե  պետությունն աջակցի օրինակ շենքային պայմանների հատկացումով և մասնավոր մանկապարտեզն իր նույն  ծառայությունները կարողանա  մատուցել ավելի մատչելի գներով»:

Իսկ այս հարցում  սոցիալապես անապահով ընտանիքները պետք է դասակարգվեն: Ամենամեծ  ներդրումը պետք է արվի երեխաների վրա և  դաշինքն առաջարկում է մանկապարտեզների աշխատակազմի նորարարական տեխնոլոգիաների  տիրապետման  բավականին  հարուստ փորձի փոխանակման  դասընթացներ, բակերի բարեկարգման նախագիծ:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մանկապարտեզների ոլորտը որակեց խայտառակ: Իրենց մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ բազմաթիվ մանկապարտեզներ փակված են: Մանկապարտեզներ չկան Նուբարաշենում, Նորքում Մարաշում:

«Բոլոր հաշվարկները կան, բոլոր վարչական շրջաններում  լրացուցիչ մանկապարտեզներ բացելու և մարդիկ ստիպված չեն լինելու դեռևս չծնված երեխային հերթագրել և հետո արդեն երեխան կլինի ասենք 4-րդ կամ 5-րդ կուրս զուգահեռ տանել նաև մանկապարտեզ»:      

«Լույս» կուսակցությունների դաշինքից Դավիթ Խաժակյանը նույնպես բարձրաձայնեց մանկապարտեզներում առկա մեծ հերթերը: Հերթագրման համակարգը բացակայում է, այն չի հրապարակվում, ինչը նշանակում է, որ ծնողները չեն կարողանում թափանցիկ կերպով հետևել հերթերի ընթացակարգին:

«Մենք կարծում ենք, որ պետք է ավելացվեն նոր խմբեր մանկապարտեզներում և հաշվառվեն այն երեխաները, որոնք 2-3 տարեկանը լրանալուն պես հաճախեն մանկապարտեզ  և համայնքը, մանկապարտեզները պատրաստ լինեն ընդունելու այդ քանակությամբ երեխաների»:

Մյուսը շենքային պայմաններն են, որոնք պետք է անընդհատ բարելավվեն  և լավագույն պայմաններն ապահովեն մանկապարտեզների սաների համար: Սննդի հարցը նույնպես կարևոր է և այն պետք է իրականացվի վերահսկվող մրցույթի միջոցով, որը կհաղթի լավագույն որակ առաջարկող կազմակերպությունը:

ՀՅԴ-ից Արամ Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մատնանշեց Արաբկիր վարչական շրջանի իրավիճակը: Նախկինում գործել է 45 մանկապարտեզ, որից  այժմ գործում է 13-ը, մյուսները սեփականաշնորհվել են տարբեր ժամանակաշրջաններում: Խորհրդային Միության ժամանակ ստեղծվել են տիպային մանկապարտեզներ և օգտվելով այդ մանկապարտեզների տարածքային հնարավորություններից կցակառույցների միջոցով անհրաժեշտ է ավելացնել  խմբաքանակները:

Այնուհետև առաջարկում է  հերթագրման համակարգը դարձնել թափանցիկ ծնողների համար:

Ռեֆորմիստների կուսակցությունն առաջարկում է բարելավել մանկապարտեզների սնունդը, ավելացնել նախակրթարանների թիվն ու այդտեղ գույքը համապատասխանեցնել ըստ տարիքի: Կուսակցության ավագանու թեկնածու Գրետա Հովհաննիսյան:

«Մանկապարտեզները պետք է ունենան որոշակի ներառական կրթության ներգրավում»: 

Back to top button