Տնտեսական

«Եվրասիական շաբաթ»-ին Երեւանը կհյուրընկալի 2 հազարից ավելի մասնակիցների


«Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ցուցահանդեսային համաժողովը հոկտեմբերի 22-24-ը ԵԱՏՄի երկրներից եւ երրորդ երկրներից 2 հազարից ավելի մասնակիցների կհավաքի Երեւանում:

«Եվրասիական շաբաթն» ամեն տարի անցկացվում Է Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ կառավարությունների ղեկավարների աջակցությամբ:

Աշնանը Երեւանը կդառնա միջազգային մի շարք հեղինակավոր համաժողովների ու ֆորումների մայրաքաղաք։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո Երեւանը կհյուրընկալի նաեւ ԵԱՏՄ երկրների գործարար հանրությանը։

ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովն այս տարի  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության նախաձեռնությամբ, Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ կանցկացվի հենց Հայաստանում:

Հոկտեմբերի 22-24-ը ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ գործարարների միջեւ կապերը, կզարգանան երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունները:

Այս տարի գործարար համաժողովին նախատեսվում է ԵՏՄ-ից մոտ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն՝ վստահեցնում է «Բիզնես Արմենիա» գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Եվրասիական շաբաթի» շրջանակում տեղի կունենա նաեւ ցուցահանդես, որի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։

«ԵՏՄ անդամ երկրների տնտեսվարողների համար «Եվրասիական շաբաթը» լավ հնարավորություն է նոր գործնական կապեր հաստատելու, արտահանման եւ ներդրումների գործարքներ կնքելու համար»,- ասում է Հայկ Միրզոյանը:

Յուրաքանչյուր երկրից միջազգային էքսպոյին կմասնակցի 30 ընկերություն՝ սննդի եւ թեթեւ  արդյունաբերությունների, դեղագործության, շինանյութերի արտադրության, ՏՏ եւ ճշգրիտ ճարտարագիտության, ոսկեգործության ոլորտներից։

«Բիզնես Արմենիայի» արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյան. «Տեղի են ունենալու նաեւ B2B հանդիպումներ, որի համար անհրաժեշտ է պաշտոնական կայքում գրանցվել, ընտրել ընկերություններին եւ նշանակել հանդիպումներ»:

Ցուցահանդեսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Հայաստանյան ընկերությունների հայտերի հավաքագրումը կատարում է «Բիզնես Արմենիան», մասնակցությունը հաստատում է ԵԱՏՀ ստեղծած կազմկոմիտեն։

Ցուցադրել ավելի
Back to top button