Մշակույթ

«Հայաստան» ցուցահանդեսը` Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում


Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2019-ի հունվարի 13-ը:

Ամերիկյան ցուցադրության հավաքածուն ներառում է 140 թանգարանային առարկա, մեծ մասը՝ Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, ինչպես նաև Մատենադարանի հավաքածուներից:

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի  «Հայաստան» (Armenia!) խորագիրը կրող ցուցահանդեսը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով հանվաքածուն  ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող  հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից:

«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Հավաքածուն ներառում է 140 թանգարանային առարկա, մեծ մասը Հայաստանից տարված ցուցանմուշներն են: Ցուցադրության համադրողն է դոկտոր Հելեն Էվանսը»:

Հայաստանի պատմության թանգարանը Մետրոպոլիտենում կներկայացնի 34 ցուցանմուշ, այդ թվում՝ քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կրոնական, կենցաղային առարկաներ և այլն:  Տնօրեն Գրիգոր Գրիգորյանի խոսքով Նյու Յորքի թանգարանի  ցուցադրությունը ներկայացնում է քրիստոնյա Հայաստանը:

«Հայաստանը ներկայանում է իր քրիստոնեական շրջանով»:

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած 28 ձեռագրերի հիմնական մասըավետարաններ են, աստվածաշունչ գրքեր, նաև պատմական անձանց ներկայացնող ձեռագիր նմուշներ:

«Մատենադարանը ներկայանում է նաև հարուստ մանրանկարներով: Ներկայացված են հայ գրչության բոլոր խոշոր կենտրոնները»,-վստահեցրեց  Մատենադարանի տնօրեն  Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտեց, որ բանակցությունների ընթացքում հենց «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների ցանկությունն է եղել, որպեսզի իրենց թանգարանում ներկայանա քրիստոնյա Հայաստանը:

Հոգևորականն իր խոսքում երախտագիտություն հայտնեց այն մարդկանց, ովքեր չորս տարի առաջ «Մետրոպոլիտեն» թանգարանից, նրա խոսքով, կարողացան  «կորզել» այս ցուցահանդեսը: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ընդգծեց  հատկապես նախաձեռնության հեղինակ ՀՀ նախագահի  աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ևս իր խոսքն ավարտեց երախտագիտությամբ՝ ուղղված բոլոր այն անհատներին ու կառույցներին, ում շնորհիվ  իրականություն է դառնում այս հրաշալի գաղափարը:

Back to top button