ԿարևորՀասարակություն

Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել  միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Ինչպես հաղորդում է «Վատիկան նյուզ»-ը, Հռոմի պապն իր ուղերձում նշել է, որ Մխիթարյան միաբանությունն իր պատմության 300 տարվա ընթացքում դիմագրավել է հին և նոր դժվարությունների: Նա վստահեցրեց, որ Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրության է արժանացրել Մխիթար աբբահորն ու վերջինիս զավակներին, և այսօր ևս պատրաստ է օգնել և աջակցել:

«Մխիթարյան միաբանությունը պահանջում է լինել կրոնավոր՝ մարդիկ, որոնք ամբողջությամբ նվիրված է Աստծուն: Այդ կոչումը չի կարելի իրականացնել առանց ընկալելու եղբայրների հետ հաղորդության և աղքատության, ողջախոհության և հնազանդության ուխտերը, որոնք այսօրվա դժվարությունների երաշխիքն են»,-նշել է Հռոմի պապը՝ հավելելով. «Երանելի Մխիթարը, որին… Պիոս 12-րդ պապը դասեց Արևելյան եկեղեցիների կրոնական կյանքի մեծ բարեկարգողների շարքը, եղավ հայ ազգի հավատքի ըմբռնման կառուցողը՝ իր ետևից թողնելով հոգևոր ու մշակութային անվերջանալի ժառանգություն, որը տրվեց Մխիթարյան միաբանությանը պահպանելու, խորացնելու ու տարածելու՝ ի նպաստ համայն հայ ժողովրդի բարօրության»,-իր ուղերձում ասել է Սրբազան Պապը:

Պատգամի ավարտին Սրբազան Քահանայապետը մաղթել է, որ միաբանության հիմնադիր Մխիթար աբբահոր ջահը շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը, Քրիստոսի հավատքով և այն հույսով, որ նրա խոսքը մշտական կյանք է պարգևում»,-ասել է Հռոմի պապը:

Back to top button