Հասարակություն

Ընտրակաշառք տալու մասին 7 ահազանգ են ստացել իրավապահները

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող 10 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 2 գրառում: Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում ներկայացնելու և ընտրախախտումների մասին ահազանգ կատարելու 6 դեպք: 1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ:

Այս ահազանգերից 16-ը ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ:

Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ` ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: 1 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ներկայումս նախապատրաստվում են նյութեր: Իսկ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Առերևույթ իրավախախտումներից 9-ը վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն:

Կարդացեք նաև
Close
Back to top button