Հասարակություն

Սահմանը խախտած 16- ամյա Օզմեն ծնողները Հայաստանում են, հանդիպել են որդու հետ

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի մասին թուրքականը մամուլի քննարկումները ակտիվորեն շարունակվում են։

Միաժամանակ հերքվում են տարածված այն տեղեկությունները, թե նախագահը Էրդողանը զանգահարել է վարչապետ Փաշինյանին, թե թուրքական կողմը Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանին։

Տարածվող լուրերից որն է մտացածին, որը՝ իրական:

ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանն այսօր անչափահասների քրեակատարողական հիմնարկում հանդիպել է հայ-թուրքական սահմանը երկու ամիս առաջ հատած Կարսի մարզի 16- ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենի հետ: Արագած Ախոյանը հերքում է թուրքական մամուլում շրջանառվող լուրեըը, թե Օզմենիի պահման պայմաններն անբավարար են, նա իրեն լավ չի զգում:

«Այցելեցի դատապարտյալների հիմնարկ եւ հանդիպեցի երեխայի հետ: Բավականին խելոք էր, խնդրում էր միջամտել, որպեսզի արագացնեն գործընթացը։ Ասում էր դասերն սկսվել են, եւ ինքը հետ է մնում: Այն լուրերը, որ տարածվել էր իր վատ լինելու մասին, այդպես չէ: Երեխան ունի հնարավորություն խոսելու ծնողների հետ։ Ավելին՝ ծնողները երկու անգամ այցելել են որդուն, կապը կա»:

Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը ուրբաթ օրը  դիմել է Արագած Ախոյանին եւ խնդրել աջակցել թուրք սահմանախախտի վերադարձին: Ախոյանը մեզ փոխանցեց, որ այսօրվա տեսակցության մանրամասները փոխանցել է թուրք գործընկերներին։

«Եթե իր մեջ վտանգ պարունակող գործողություններ չեն ծավալվել, ուրեմն մեկ ժամ շուտ պետք է արտահանձնել, քանի որ անչափահասի հետ գործ ունենք: Եվ վաղը չգիտենք, թե մենք ինչ խնդրանքով կդիմենք: Կարող է այս բարի կամքի դրսեւորման ֆոնի ներքո ստեղծվի այնպիսի մի նոր հարաբերություն, որ մեր հայրենակիցները հայտնվեն մի ինչ-որ իրավիճակում ու հայտնվեն բանտում, մենք նույնպես դիմենք իրենց»:

Ավելի վաղ նշվում էր, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի բացակայության պատճառով թուրքական կողմն Ումութ Ալի Օզմենին հետ ստանալու պահանջը ներկայացրել է Վրաստանի միջոցով, ինչպես նաեւ կապ է հաստատվել Ինտերպոլի հայկական ստորաբաժանման հետ: ՀՀ-ի ոստիկանությունը հերքում է, որ Թուրքիայի ոստիկանությունը Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանին՝ «Ռադիոլուր»-ին փոխանցեց Ոստիկանության կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ է Էդգար Ջանոյանը:

Նախորդ շաբաթ այս լուրը տարածել էր թուրքական «Հյուրիեթը»: Ավելին, անգամ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը թուրք սահմանախախտին վերադարձնելու խնդրանքով զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ «Հուրիեթի»  սյունակագիր Իսմայիլ Սայմազի՝ տեղեկությունը տղայի հորը՝ Մուստաֆա Օզմենին փոխանցել է Թուրքիայի նախագահի խորհրդականը:

Լուրը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հերքվեց վարչապետի, ինչպես նաեւ արտգործնախարարության կողմից: Ինչպես է սահմանը հատել 16-ամյա պատանին: Ըստ թուրքական կողմի՝ ավագ դպրոցի աշակերտը սահմանը հատել է անզգուշորեն, երբ իրենց գյուղի ոչխարներն արածեցնելիս հետաքրքրությունից դրդված առաջ է անցել ու հայտնվել սահմանի մյուս կողմում։ Արագած Ախոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկարագրելով տղային ասաց, որ առաջին հայացքից Օզմենին խելացի, հանգիստ տղա էր, բայց սահմանի խախտման ամբողջ տվյալները պետք է ճշտեն իրավապահ մարմինները։

Back to top button