Հասարակություն

Նոր մանկապարտեզ ու մարզադաշտ Սպանդարյան գյուղում

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում առաջիկայում  շահագործման կհանձնվի միանգամից 2 կառույց՝ մանկապարտեզն ու մարզադաշտը:  Նոր կառուցված մանկապարտեզը երկհարկանի է՝ նախատեսված 75 երեխայի համար, իսկ մարզադաշտը վերակառուցվել է նախկին ֆուտբոլի դաշտի տեղում, որը զբաղեցնում է 1 հա տարածք:

Սպանդարյան համայնքի  2017-2021թթ զարգացման հնգամյա ծրագրով նախատեսվել էր մանկապարտեզի և մարզադաշտի հիմնանորոգում: Գյուղի նախկին մանկապարըեզի շենքը վթարային էր և նորի կառուցման անհրաժեշտությունն ուներ: Մեկ տարի առաջ  սկսվեց մանկապարտեզի նոր շենքի կառուցումը:  Շինարարությունն արդեն  ավարտվել է և շուտով շահագործման կհանձնվի:


Շինարարությունում ներգրավված էր տեղի աշխատուժը: Նոր բացվածաշխատատեղն այս տարի  ետ է պահել արտագնա աշխատանքի մեկնողներին: Նրանք աշխատել են օրավարձով ու վճարվել՝ ըստ պայամանագրի: Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը  նշեց, որ մանկապարտեզի կառուցման նպատակով  տարածքային կառավարման հիմնադրամից հատկացվել է 177մլն 777 հազար դրամ, իսկ համայնքային բյուջեից՝ 14 մլն դրամ: Շենքը տիպային է, լոկալ ջեռուցմամբ, ունենալու  է 3 խումբ՝ 75 երեխայի համար:


Գյուղի կենտրոնում հանդիպեցի երեխաների, որոնք վերադառնում էին մշակույթի տնից ու շտապում էին դպրոցի բակ՝ ֆուտբոլ խաղալու: Այս գյուղի երեխաները ֆուտբոլի մեծ երկրպագու են, ունեն իրենց նախասիրած ֆուտբոլային ակումբներն ու ֆուտբոլիստները:


Սիրելի զբաղմունքը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար Սպանդարյանում նախադրյալներ կան: Պետական բյուջեի միջոցներից 40 մլն դրամ է հատկացվել գյուղի մարզադաշտի կառուցման նպատակով:  Սպանդարյանի նախկին մարզադաշտը հյուրընկալել է տարբեր թիմերի, իսկ  ֆուտբոլի  ,,Սիփան,, ակումբը, տեղացիների խոսքերով՝ հանդես է եկել  է նաև Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում:


Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի  մարզադաշտը զբաղեցնում է 1 հա տարածք, որտեղ կառուցվել է հանդերձարան, լոագարան, տրիբունա: Մարզադաշտը շուտով իր դռները կբացի ֆուտբոլասերների առջև:

Back to top button