Քաղաքական

Ինչու է ակտիվացել հակառակորդը եւ որը պետք է լինի ՀՀ քայլը

Հակառակորդի ավելի հաճախակի դարձած կրակոցները  մի քանի հանգամանքով են պայմանավորվում, սակայն այսօր ոչ թե պատճառներն են էական, այլ փաստը:

Դատապարտելի է, որ կա նման լարվածություն, որ թիրախավորվում են խաղաղ բնակիչները, Արցախ կատարած այցի ընթացքում, խոսելով սահմանային լարվածության մասին, ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի և ԼՂ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Հայաստանի հետ պետական սահմանին գտնվող բնակավայրերի՝ Բաղանիս, Չինարի, Կոթի, Արենի գյուղերի գնդակոծումը, քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ մանկապարտեզի թիրախավորումը, նախարարը խստորեն դատապարտել է, իսկ բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության գնդակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում համարել:

Այս գիշեր դարձյալ կրակոցներ են հնչել Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաեւ մեծ՝ մինչև 12.7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։

Ադրբեջանական զինուժը Նախիջևանից գնդակոծել է Արենի գյուղի շրջանը

Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Սեպտեմբերի 15-ին Կոթի գյուղի ուղղությամբ կրակոցների հետեւանքով վիրավորված Կոթի գյուղի բնակիչ  60-ամյա Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Երևանում արդեն բժիշկներից Աբրահամ Դանիելյանը լրագրողներին վստահեցրել է , որ հիվանդի վիճակը բավարար է, առողջությանը վտանգ չի սպառնում,  հենարանային ֆունկցիան պահպանվելու է, սկզբնական շրջանում հենակներով կքայլի, հետագայում արդեն նորմալ իր առօրյայով կզբաղվի:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ  գիշերը կրակոցները տևել են մոտ 1 ժամ: Նախկինում ավելի հանգիստ էր, հիմա ավելի շատ են կրակում՝ ասում է:

Երկու օր առաջ էլ հրաձգային զենքերից գնդակոծվել է նաև Արենի գյուղը։ Արենիի համայնքապետարանի տուրիզմի զարգացման պատասխանատու Նորայր Գրիգորյանը ասաց, որ Արենիի ուղղությամբ հակառակորդը ակտիվություն է դրսևորում ապրիլից, նախկինում նման ակտիվություն չի նկատվել. կրակոցները ճանապարհի ու բնակավայրերի ուղղությամբ  չեն, այդ առումով թերևս ապահով է ճանապարհը և տեղի բնակչությունը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ կրակոցներ գրանցվել են նաև Տավուշի Կոթի գյուղի ուղղությամբ, հաստատեց, որ  հակառակորդը նաև պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ է կրակել:

Սահմանային կրակոցներին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթում փաստել է, որ  վերջին 3 օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Նա ցավով նշել է, որ բոլոր զինվորներն իր համար հավասար են, նրանցից յուրաքանչյուրի համար ցավ է ապրում, ինչպես սեփական որդիների։ Փաշինյանն այդ ամենում մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշելով, որ Ալիևը ոչ թե ադրբեջանցի զինվորների մասին է մտածում, այլ՝  իր միլիարդների:

«Թող իր որդին ծառայի առաջնագծում, տեսնենք նա իրեն այդքան լկտի կպահի՞։ Նա թքած ունի Ադրբեջանի ժողովրդի վրա, նրան իր միլիարդներ են հետաքրարում»:

Պե՞տք է արդյոք Հայաստանը իբրև ՀԱՊԿ անդամ երկիր դիմի այդ կառույցին։ Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը չպետք է սպասի, որ Հայաստանը դիմի իրեն, այլ իբրև նույն կառուցի անդամ պետք է համապատասխան հայտարարություն անի։ Նա պատահական չի համարում Հայաստանի հետ սահմանային ուղղություններով հրադադարի ռեժիմի խախտումները.

«ՀԱՊԿ-ում գոնե հայտարարությամբ անդրադառնան: Ուզում են հասկանալ, թե ՀՀ կդիմի ՀԱՊԿ-ին»:

Ադրբեջանագետը իրավիճակի ավելի սրում է կանխատեսում, քանի որ, ըստ նրա, Բաքուն փորձում  է հասկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն:

Back to top button