ԿարևորՀասարակություն

Վարչապետի տիկինը օլիգարխների կանանց կոչ է անում զարդերը հանձնել «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր կոչով է դիմել Հայաստանի ներկա և նախկին պաշտոնյաների կանանց՝ իրենց զարդերն ու թանկարժեք իրերը նվիրաբերել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամին: Այս կոչը հնչել է Բաղրամյան 26-ից՝ տարբեր տարիներին Զինված ուժերում զոհված հայորդիների մայրերի հետ հանդիպման ժամանակ: Իսկ հանդիպման առիթը «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավին միանալու՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությունն էր:

 

Արթուր Առաքելյանը մի քանի տարի առաջ խաղաղ  պայմաններում զոհվեց Հայոց բանակում։ Տան միակ տղան էր, երկու տարի անց մայրը իր մեջ ուժ գտավ ու նոր էակի ծնունդ տվեց։ Արթուրի եղբայրը արդեն երկու տարեկան։ Նրանց մայրը միակը չէր, ով այսօր  միացել էր  վարչապետի տիկին  Աննա Հակոբյանի՝  «Կանայք հանուն խաղաղության» արշավին։

Բաղրամյան 26 –ում այսօր տարբեր տարիների, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների մայրերն էին:  Նրանք այսօր  մերժում են պատերազմը ու կոչ անում լռեցնել աշխարհի բոլոր թնդանոթները։

Դժվար է ուժ գտնել ու խոսել խաղաղության  մասին այն ժամանակ, երբ այդ նույն խաղաղության համար արդեն թանկ են վճարել:

Վարչապետի տիկինը  հիշեց, որ երբ առաջին անգամ  խոսեց արշավի մասին` իրեն մեղադրական հարցեր ուղղվեցին, սակայն  Աննան ասում է, որ այս դեպքում  մայրությունը չի ճանաչում ազգություն, քաղաքացիություն, կրոն։

Այս կոչերը տարընկալումների առիթ հանդիսացան. Արդյո՞ք նման նախաձեռնությունները  այլ կերպ չի ընկալվի  հակառակորդի կողմից, առավել ևս այն դեպքում,  երբ այստեղ մենք անընդհատ խաղաղության  կոչեր ենք  հնչեցնում, իսկ թշնամին շարունակում է իր սև գործը ՝ այսօր  էլ կրկին գնդակոծելով Չինարիի մանկապարտեզը։

Աննա Հակոբյանը  հավաստիացրեց, որ  այս նախաձեռնությունը չի կարելի ընկալել թուլության նշան եւ առավել ևս` տարածքներ հանձնելու մասին խոսք չի կարող լինել:

Վարչապետի  տիկնոջ այս խոսքերից հետո  Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի  մայրն էլ իր կողմից  հավելեց` սահմանները, որ գծվել են մեր տղաների, պապերի, եղբայրների արյամբ, անսասանելի են։

Իսկ մինչ այդ՝   Աննա Հակոբյանը Գոհար թագուհու օրինակով կոչ արեց հայոց տիկնանց թանկարժեք զգեստներ և զարդեր չկրել, դրանց համար նախատեսված գումարները նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրած «Արմենակ Ուրֆանյան» ռազմահայրենասիրական հիմնադրամին: Տիկին Հակոբյանի կոչը առավելապես ուղղված էր օլիգարխների տիկնանց:

Ցուցադրել ավելի
Back to top button