Հասարակություն

Երվանդաշատ գյուղում դպրոցի տնտեսված ծախսերի հաշվին կմնա միայն մեկ երկկոմպլեկտ դասարան

Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ գյուղի դպրոցում 4 երկկոմպլեկտ դասարաններ ձևավորելու խնդրով պայմանավորված 2 օր դասադուլ են արել դպրոցականները: Առաջարկվել էր միավորել 1-2 և 3-4 դասարանները:

 

Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ գյուղի դպրոցում արդեն 2 օր է դասերն ընդհատված են և ծնողները բողոքում են երկկոմպլեկտ դասարանների ձևավորման դեմ, որտեղ ներառված է նաև տարրական դասարանները: Աննա Մարտիրոսյանի երեխան հաճախում է  3-րդ դասարան: Մեկ շաբաթ առաջ տեղեկացել է, որ դպրոցում 3-4 դասարանները միավորվելու են:

Խնդրով մտահոգված ծնողները դիմել են Արմավիրի մարզպետին՝ խնդրելով շրջանցել կրտսեր դպրոցի կոմպլեկտավորումը: Ծնողի հավաստմամբ` մարզպետը խոստացել էր դրական լուծում տալ հարցին: Երվանդաշատի դպրոցում այս ուսումնական տարում սովորում է 70 աշակերտ: Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը տեղեկացրեց, որ մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցում ֆինանսավորումն այլ հաշվարկով է կազմակերպվում՝ դասարանների թվով։


Երվանդաշատ. գյուղ, որտեղ չեն բողոքում ապրուստից

Երվանդաշատի դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում եղել են երկկոմպլեկտ դասարաններ, բայց դա երբևէ չեն կիրառվել տարրական դասարանների վրա, իսկ այս ուստարում առաջարկվել է միավորել նաև 1-2 դասարանները:

«Սեպտեմբերի 1-ին ամսին հաշվետվություն ենք տվել, իսկ ուրբաթ օրն իմացել ենք, որ տարրականներում նույնպես երկկոմպլեկտ դասարան պիտի լինի»:

Ֆինանսական ծախսերից ելնելով՝ դպրոցի տնօրենին առաջարկվել էր  4 երկկոմպլեկտ դասարան՝ 1-2, 3-4, 5-6 և 10-11 դասարանները:  Սահմանամերձ գյուղի աշակերտները ծնողների հետ դեմ են եղել առաջարկված տարբերակին և 2 օր դասերը բոյկոտել են:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը նշեց, որ մարզում կան ոչ միայն երկկոմպլեկտ, այլև՝ եռակոմպլեկտ դասարաններ:

«Սահմանամերձ գյուղերի համար, իհարկե, շատ ծանր է, նրանք ամեն ինչից կտրված են, բայց միևնույն ժամանակ՝ շատ փոքրաթիվ են: Դա է պատճառը, որ այնտեղ կան երկկոմպլեկտ դասարաններ:  2016-2017 ուստարում միասին են սովորել 7-8 դասարանները, իսկ 5-րդ և 11-րդ դասարաններում ընդհանրապես աշակերտ չի եղել»:


Կյանքը սահմանի մոտ եւ սահմանից այն կողմ

Դպրոցում դասերը  բնական ընթացքին վերադարձնելու նպատակով  խնդիրը կրկին քննարկվել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ և եկել են համաձայնության դպրոցի տնտեսված ծախսերի հաշվին, որը կազմում է 1 մլն, 400 հազար դրամ, երկկոմպլեկտ դասարան թողնել միայն 10-11 դասարանները:

«Դպրոցի ծախսերն ու մարզպետարանի ծախսերը նույնն են, քանի որ դպրոցը պետական է և դոտացիա է ստանում մարզպետարանի»,- ասում է մարզպետը:

«Ռադիոլուրի» հարցին՝ եթե դպրոցի տնտեսված ծախսերը չլինեին՝ հարցը դրական լուծում կստանա՞ր  Գագիկ Միրիջանյանն ասաց, որ հոկտեմբեր ամսին մարզպետարանում ֆինանսական վերահաշվարկ է լինելու, կհստակեցվի բյուջեն և այնտեղից ծախսերը կուղղվեին դպրոցին:

Ցուցադրել ավելի
Back to top button