Հասարակություն

«Սանիթեք»-ը տեսանելի փոփոխություն է խոստանում


Տարվա ամենաշոգ ամիսներին գարշահոտության, աղբակույտերի եւ Երեւանը աղբանոցի վերածելու խնդիրների մասին այսօր վերջապես խոսեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

2014-ին «Սանիթեք»-ը մուտք գործեց Հայաստան՝ միջազգային մրցույթով հանձն առնելով ապահովել Երեւանի մաքրությունը: Մայրաքաղաքի թիվ մեկ խնդիրներից է այսօր թերեւս հենց աղբահանությունը:

«Սանիթեք»-ը տուգանվեց միլիոնավոր դրամի տուգանքների, բայց այսօր կրկին ցանկություն է հայտնում ապագայում նոր ներդրումներ անել եւ մնալ Հայաստանում:

Էլ Թավիլի լրագրողներին հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Ռադիոլուրը, որը փորձեց ստանալ նաեւ դեռ երկու շաբաթ առաջ «Ռադիոլուրի» «Սանիթեքին» ուղարկված հարցերի պատասխանը։

 

Ընդամենը մի քանի օրից երեւանցիները կտեսնեն զգալի փոփոխություն մայրաքաղաքի աղբահանության հարցում՝ խոստանում  է «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը: Ընկերությունը ձեռք է բերել 5 նոր աղբատար մեքենա, որոնք Հայաստան կհասնեն այս շաբաթավերջին կամ մյուս շաբաթվա սկզբում: Մեքենաների հարցում, սակայն, Նիկոլաս Էլ Թավիլի թվաբանությունը մի քիչ տարօրինակ է:

Ասում է՝ սովորական օրերին Երեւանին անհրաժեշտ է 27 մեքենա քաղաքի աղբը մաքրելու համար, բայց նոր մեքենաները տեղ հասնելուց հետո դրանց թիվը կդառնա 37։ Եթե անհրաժեշտ մեքենաների քանակը եղել է, ապա ինչու վերջին 3 ամիսներին «Սանիտեք»-ը պատշաճ կերպով չիրականացրեց մայրաքաղաքի աղբահանությունը:

Հարցի պատասխանները քաղաքական հարթությունում որոնելը Էլ Թավիլը ճիշտ չի համարում, բայց այսօր ստիպված էր անընդհատ պատասխանել իրենց եւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջեւ եղած պայմանավորվածությունների եւ համատեղ ստվերային աշխատանքին վերաբերող հարցերին:

Էլ Թավիլն այսօր հայտարարեց՝ «Սանիթեք» ընկերությունը երբեք սաբոտաժի չի գնա եւ աղբահանության խնդիրները կապ չունեն Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ:

«Սանիթեք»-ի համար ամենամեծ խնդիրներից է թերեւս Նուբարաշենի աղբավայրը՝ ճանապարհների պատճառով մեքենաները մշտապես կոտրվել են, նաեւ «թաղվել» են աղբի մեջ եւ մեծ դժվարությամբ են դուրս եկել:

Դա նույնպես վնասել է մեքենաները: 4 տարի առաջ, երբ «Սանիթեք»-ը մուտք էր գործում Հայաստան, հաշվարկել էին 100 աղբամանի վնասում, բայց այսօր հաշվարկել են, որ  700 հազար դոլարի կորուստ են ունեցել այրված 1000 աղբամանի պատճառով: Իհարկե, Էլ Թավիլը չի պնդում, որ այդ ամենը եղել է «թավշյա հեղափոխության» օրերին: Հերթով թվարկում է նաեւ այլ խնդիրները եւ հանդիպում հարցի՝ ինչո՞ւ 4 տարի շարունակ լռել են նույն եւ որեւէ կերպ չլուծվող խնդիրների մասին:

Եթե բիզնեսի «էթիկան» վկայակոչելով «Սանիթեք»-ի տնօրինությունը չի բարձրաձայնել եւ համակերպվել է ունեցած խնդիրների հետ, ապա վերջին շրջանում երեւանցիների բողոքի ձայնը եւ դժգոհությունը «Սանիթեք»-ի աշխատանքից արդեն չլսել եւ չնկատելը հնարավոր չէ:

«Սանիթեք»-ի 25 միլիոն դրամի տուգանքն արդեն վճարված է: Էլ Թավիլը ցանկանում է հուշել քաղաքապետարանին այդ գումարով հատկապես փոքր կենտրոնի համար գնել երկաթե փոքր աղբամաններ, քանի որ դրա անհրաժեշտությունը քաղաքն ունի:

Այժմ «Սանիթեք»-ը սպասողական վիճակում է: Սպասում են քաղաքային նոր իշխանություններին՝ նրանց հետ քննարկելու նոր երկարաժամկետ ծրագրերը եւ 7 միլիոն եվրոյի չափով նոր ներդրման ցանկությունը: Արդյո՞ք այդ ցանկությունը կպխհպանվի, եթե զրկվեն մենաշնորհից եւ աղբահանությունը վստահվի նաեւ երկրորդ կամ երրորդ օպերատորին։

Ապագայի ծրագրերն առայժմ չեն մեկնաբանում, սպասում են նոր քաղաքապետի հետ բանակցություններին:

Back to top button