Քաղաքական

Վերջին 20 տարում առաջին անգամ ենք լսում, որ խոսվում է Արցախի հայության մասին. արցախցի քաղաքագետ


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ, խոսել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին ու վերահաստատել բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նա արցախյան խնդրին անդրադարձել է նաև իր ելույթում: Նա մասնավորապես ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը:

 

 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը կենսական նշանակություն ունի այսօր, քանի որ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հայատյացության շնչով են, իսկ որդեգրած քաղաքականությունը ագրեսիվ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթում ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյանը ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալով խոսել է այս համատեքստում, նշելով, որ  Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Պատմությանը քաջ հայտնի են անսանձ ատելության հետևանքները նշել է նախարար Մնացականյանը.

«2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի»:

Արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ողջունեց նախարար Մնացականյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում՝ մասնավորապես ընդգծելով՝ ճիշտ մոտեցումներ պարունակող ելույթ էր.

«Մենք այսօր տեսնում ենք, որ վեկտորը փոխվում է, առաջին անգամ ենք լսում վերջին 20 տարվա ընթացքումոր խոսում են Արցախի հայության մասին: Միշտ խոսել են ԱրցախիԼՂՀ  պրոբլեմի մասին, բայց չեն ուզում խոսել Արցախի հայության մասին»:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է իր ելույթում Հայաստանի նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը՝ ասել է նախարարը: Հրաչյա Արզումանյանը շեշտում է.

«Ուժային կենտրոններն են ներկայացնում ԵԱՀԿ ՄԽ-ը և դա փոխել կարիք չկա»:

Նա անընդունելի է համարում բանակցային սեղանին մնացած Մադրիդյան սկզբունքները և նշում, որ խնդիրների լուծման այդ մոտեցումը հատուկ էր խորհրդային ժամանակաշրջանին, բայց այդ ժամանակները մնացել են հետևում և այսօր պետք է մտածել նոր սկզբունքների մասին: Մինչ ՀՀ-ն նոր սկզբունքների առաջադրման հարցի մասին կմտածի՝ Ադրբեջանը սեպտեմբերի 17-22-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի։

Ադրբեջանի ՊՆ կայքում նշված է, որ զորավարժություններին մասնակցելու է 20 հազար զինծառայող, ներգրավվելու է 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ,  համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մինչև 20 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Բաց աղբյուրների տվյալներն ուսումնասիրելով «Ռազմինֆո» կայքը գրում է, որ զորավարժությանը կիրառվելու են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը այդ զորավարժությունները պայմանավորում  է ՀՀ-ում նոր ավարտված «Շանթ 2018» զորավարժությամբ։

«Շանթ 2018-ի պատասխանն է դա»:

Որքանով նախատեսված զորավարժությունները կարող ենք վտանգավոր համարվել՝ հաշվի առնելով Ադրջեջանի ռազմատենչ հայտարարությունները, վարժանքներ կարող են լինել նաև Նախիջևանում: Վերլուծաբանն այդ առումով վտանգի հավանականություն  գրեթե չի տեսնում, բայց մի նկատառում է անում..

«Իրենք տեսնում են ՀՀ-ում անկայուն ներքին վիճակը և ուզում են իրենց լուման ներդնեն այդ գործում, պարզ լեզվով ասած ուզում են նյարդայնացնեն ժողովրդին, իշխանությանը»:

Սակայն որևէ ոտնձգություն նախիջևանյան կողմից Մանվել Ղումաշյանը քիչ հավանական է համարում, քանի որ դա բնականաբար կդիտվի հարված ՌԴ-ի դեմ:

Back to top button