Քաղաքական

Նախընտրական պայքա՞ր, թե՞ հեղափոխության երկրորդ փուլ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հինգերորդ օրն է։ Թվում էր, թե այս քարոզարշավի հիմնական թիրախը պետք է լիներ Երևանի ու երևանցիների խնդիրների վերհանումը:

Սակայն վերջին իրադարձությունները՝ այն է ԱԱԾ  տնօրենի ու ՀՔԾ պետի  խոսակցության սկանդալային գաղտնալսումերը  և դրան  հաջորդած ասուլիսը ստվերեցին քարոզարշավի բուն ընթացքը։

«Ռադիոլուրը» փորձեց ընտրարշավին մասնակցող ուժերից պարզել՝ որքանով այս գաղտնալսումները  ու քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը կազդեն բուն ընտրության արդյունքների վրա:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ինքը երևանցիներին ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց փոխարենը այլ  հարթակում հնչում են հեղափոխական կոչեր։ Այսիքն՝ իշխանությունը  ավագանու ընտրությունները վերածել  է հեղափոխության երկրորդ փուլի:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ երևանցու հետ այս օրերին  պետք է լինել առավել քան անկեղծ, նրանց հետ  խոսել իրենց   խնդիրների լուծումներից եւ չփնտրել  հակահեղափոխականներ:

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը  չի կիսում կարծիքը, թե ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտանալսումը ստվերել է Երևանի ավագանու ընտրությունները: Նա պարզապես իր ընտրողներին  հորդորում է  չտրվել  էմոցիաներին, արհետական  գնահակատակներով   քաղաքապետ չընտրել, այլ ձայնը տալ այն անձին, որը տիրապետում է Երևանի  խնդիրներին:

Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն  ասում է, վերջին իրադարձությունները առիթ է տալիս եզրահանգելու, որ իշխանական միջոցները ոչ թե պետք է ծառայեն  կուսակցական հարթակներին, այլ քաղաքացին պետք է լսի  քաղաքական ուժերի  տեսակետների ու ծրագրերի տարբերությունը, դրանց լուծման ուղիները։

«Իմ քայլը» դաշինքից ավագանու թեկնածում Իզաբելլա Աբգարյանն ասում  է, որ գաղտնալսումները  հայտնվեցին  հենց քարոզարշավի ժամանակ՝ նպատակ ունենալով  ինչ որ կերպ ազդել արդյունքների  վրա, բայց դա ճիշտ հակառակ արդյունքն ունեցավ:

Back to top button